Սերժ Սարգսյանի հանձնարարությունն անտեսո՞ւմ են. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը նախորդ տարի ՀՀ ոստիկանության և նախագահի նստավայրի մոտ ամիսներով բողոքի ակցիաներ էր կազմակերպում, նույնիսկ ինքնահրկիզման փորձ էր կատարել, իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, և որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանի բոլոր այն պնդումները, որ ինքն իրոք 10 հազար ժամ արտաժամյա ծառայել է ոստիկանության պետական պահպանությունում, որի համար ոստիկանությունն իրեն պարտք է, պաշտոնապես պարբերաբար հերքվում էին և նշվում, որ արտաժամյա աշխատանքի գրանցամատյանները չեն պահպանվել:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Մխիթար Ալումյանի կինը՝ Շուշանիկ Նասիբովան, ասաց, որ հատուկ քննչական ծառայությունն արդեն 2 ամիս է հաստատել է Մխիթարի աշխատելու և պարտքի մասին, իսկ ոստիկանությունից հորդորել էին դիմել դատարան, սակայն անհասկանալի պատճառներով այս գործով զբաղվող քննիչը պարբերաբար ձգձգում է.
«Չի էլ բացատրում, թե ինչն ա պատճառը, որ տենց էլ չի մտնում դատարան: Անընդհատ ձգձգում ա, էսօր-էգուց ա անում: Չնայած ամուսինս արդեն աշխատում է, բայց մենք 5 երեխայի տեր ենք, ու էդ գումարի կարիքը շատ ունենք: Վախենում ենք, որ տենց էլ դատարանով խնդիրը չի լուծվի, ուստի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունն ենք ուզում հրավիրել: Նախագահն ամուսնուս խոստացել էր, որ անպայման կտան արտաժամյայի հավելավճարները ու ասել էր՝ Մխիթարի արդար վաստակածը իր երեխաները պետք է ուտեն, ոչ թե ինչ-որ ձրիակերներ: Նախագահն ու ոստիկանապետը հայտարարել են բարեփոխումների մասին, բա այսպե՞ս են կատարվում այդ բարեփոխումները: Հիմա ի՞նչն է պատճառը, որ մեր գործը ականջի ետև են գցել ու չեն ուզում շարունակել»»: