Ախոյանը չգիտի՝ երբ ենք ավելի լավ ապրել
«Ես չեմ կարող նման վերլուծություն անել, թե երբ ենք ավելի լավ ապրել: Մարդ կա, կարող է հարցնես, ասի՝ խորհրդային տարիներին ավելի լավ է ապրել: Հիմա կյանքի նկատմամբ պահանջներն են փոխվել, նայած՝ համաշխարհային ինչ մարտահրավերներ կան, բայց իսկապես անընդունելի երևույթներ, օրինակ արտագաղթ կա»,- 168.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը՝ պատասխանելով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տարիներն են բարենպաստ եղել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ի թիվս այլ խնդիրների՝ քննադատել էր երկրի ներկայիս տնտեսական վիճակը, խոսել արտագաղթի աճող տեմպերի մասին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մյուս քննադատությունների վերաբերյալ չցանկացավ կարծիք հայտնել: Հարցին, թե Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ որոշեց Ռոբերտ Քոչարյանն առհասարակ նման հարցազրույց տալ, ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարվեց պատասխանել:
«Եկեք Ռոբերտ Քոչարյանի պահով ոչինչ չասեմ»,- կարճ պատասխանեց Արագած Ախոյանը՝ նշելով, թե կարծիք ունի նրա մասին, բայց չի ցանկանում այն բարձրաձայնել: