«Բարձր նամազ էին միացրել ու դրել բարձրախոսի մոտ, այնպես, որ ձայնը մեր գյուղում լսվի». Խրամորթի գյուղապետ
Արցախի Հանրապետության Խրամոթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանի խոսքով՝ այս պահին գյուղում իրավիճակը «խախանդ» է, արտառոց որևէ բան չկա։
«Երեկ էլ, այսօր էլ իրավիճակը նորմալ է, ժողովուրդն ամեն մեկն իր գործին է։ Խաղաղապահները դեռ այստեղ են, թշնամու կողմից այդ բարձրախոսը չեն միացրել, որևէ բան չեն ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զորիկ Աբրահամյանը։
Ըստ Խրամորթի գյուղապետի, դժվար է ասել՝ թշնամին սսկվե՞լ է, թե՞ ուղղակի հարմար պահի է սպասում՝ հերթական սադրանքին դիմելու համար, այս պահին բանակցություններ են ընթանում՝ այդ սադրանքներին վերջ տալու համար։ Բանակցությունների արդյունքները պարզ կլինեն վաղը կամ մյուս օրը։
«Չեմ կարող ասել, թե թշնամու մտքին ինչ կա։ Դե, իրենք մեր բնակիչներին կոչ էին անում թողնել գյուղը, իսկ դրանից հետո էլ իրենց հնարած Խոջալուի դեպքերի ժամանակ բարձր նամազ էին միացրել ու դրել բարձրախոսի մոտ, այնպես, որ ձայնը մեր գյուղում լսվի։ Դրանից հետո երեկ ու այսօր հանգիստ են»,- շեշտեց Զորիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով, թշնամին 44-օրյա պատերազմից հետո լկտիացել է, մինչդեռ 90-ականներից նրանց ինչ հիշում է, միշտ փախնում էին։
«Թշնամին միշտ փախնում էր մեզանից, այնպես որ, չենք տեսել, որ նման բաներ աներ։ Բայց մինչ այդ, իրենք մտնում էին խաղաղ բնակիչների տներ, անզեն մարդկանց սպանել ու խոշտանգել են։ Նրանք անասնական մղումներ ունեն, դրանք չեն փոխվել։ Հիմա լկտիացել են, որովհետև իրենց հաղթանակած են զգում»,- եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, փետրվարի 25-ին թշնամին բարձրախոսով խրամորթցիներին կոչ էր արել լքել գյուղը՝ ասելով, թե այն իրենց է պատկանում։