Բաժիններ՝

«Հյուսիսային հոսք 2»-ն առաջիկա տարիներին չի գործարկվի. հայտարարել են Գերմանիայում

«Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործման չի հանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին: Այդ կարծիքը հայտնել է Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։

«Չեմ կարծում, թե գազատարը շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին… կարծում եմ՝ ժամանակավոր կասեցումը բավական երկար կտեւի»,-հայտարարել է քաղաքական գործիչը՝ հանդես գալով ռադիո Deutschlandfunk-ի եթերում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը փետրվարի 23-ին պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» ռուսաստանյան գազատարի օպերատոր Nord Stream 2 AG ընկերության եւ դրա գործադիր տնօրեն Մատիաս Վառնիգի նկատմամբ, ասվում է ամերիկյան գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է գլխավոր լիցենզիան, որը նախատեսում է Nord Stream 2 AG-ի հետ կապված բոլոր գործողություններն ավարտել մինչեւ 2022 թվականի մարտի 2-ը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը, քանի որ փաստաթուղթը, որի հիման վրա անցել է այդ ընթացակարգը, հետ է կանչվել Գերմանիայի կառավարության կողմից: Այդ փաստաթուղթը պատրաստում է էներգետիկայի նախարարությունը. դրանում գնահատական է տրվում, թե արդյոք համաձայնեցվող նախագիծը վնաս կհասցնի էներգամատակարարման անվտանգությանը:

Ինչպես պարզաբանել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, վերջին շաբաթների աշխարհաքաղաքական իրադրությունը եւ վերջին ամիսների գազի շուկայի իրադրությունը դարձել են կրկնակի գնահատում անցկացնելու պատճառ: Գազատարը չի հավաստագրվի մինչեւ այդ գնահատումն ավարտվի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե բացասական գնահատական տրվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս