Բոլոր հեռացված աշխատողներին հետ կհրավիրեն. ի՞նչ են քննարկել Քաղաքապետարանում Կենդանաբանական այգու նախկին աշխատողների հետ
Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
Նրանց փոխանցմամբ՝ 20 օրից ավելի է, ինչ կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է տիրում: Կենդանիների անկում է, իրականացվում է կադրային ջարդ, ու պատկան որևէ մարմնից ոչ մի բացատրություն չկա, ուստի պահանջում են հարցի շուտափույթ լուծում, որովհետև այս ամենը կործանարար է:
Ներկաներին Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հրավիրեց հանդիպման, որից հետո աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ հանդիպումից գոհ են, սպասում են աուդիտի ավարտին ու կատարվելիք քայլերին:
«Կոնկրետ որոշում չկայացվեց: Նշեցին, որ աուդիտը կավարտվի՝ Քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ: Լսեցին բոլոր բողոքները՝ նաև աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Նշեցին, որ մասնագիտական լուրջ մոտեցում է լինելու, բոլոր հեռացված աշխատողներին հետ կհրավիրեն»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից Անուշ Ռաֆայելյանը:
Նա հայտնեց, որ մինչև Քաղաքապետարանի հայտարարությունը որևէ ակցիա չեն նախաձեռնի:
«Կսպասենք աուդիտի ավարտին, ու եթե էլի եղավ ինչ-որ կողմնապահություն, հարցին ոչ օբյեկտիվ մոտեցում՝ ակցիաները կշարունակենք»,- հավելեց Անուշ Ռաֆայելյանը: