«Սա մեծ աղետ է Ուկրաինայի և աշխարհի համար». ՀՀ-ում ԵՄ դեսպան
Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդայի մամուլի ասուլիսից հետո լրագրողները ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խնդրեցին պատասխանել մի քանի հարցի, սակայն նա ասաց, որ կխոսի միայն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կպատասխանի մեկ հարցի, այլ հարցերի չի կարող պատասխանել։
«Եվրամիությունը և եվրոպական կառույցները միասնական են, մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Հայտարարությունները, որոնք արվեցին Շառլ Միշելի և Ուրսուլա Ֆոն դեր Լայնի կողմից, հստակ էին՝ դատապարտում էին Ուկրաինայի հանդեպ ագրեսիան: Եվրախորհրդարանը և եվրոպական ինստիտուտները միասնաբար են աշխատում, ձեռք ձեռքի տված, և մեր խորհրդակցությունների ժամանակ դա նույնպես ընդգծվեց: Մենք աշխատում ենք CEPA-ի բոլոր դրույթների, բոլոր կետերի շուրջ և ԱԺ-ի, և ՀԿ-ների, կառավարության և ներգրավված բոլոր կողմերի հետ»,- նշեց Անդրեա Վիկտորինը։
Հարցին, թե տպավորություն է ստեղծվել, որ ԵՄ-ն մենակ է թողել Ուկրաինային, ՀՀ-ում ԵՄ դեսպանը պատասխանեց, որ պետք է կարդալ երկու նախագահների հայտարարությունը, այնտեղ ԵՄ-ի դիրքորոշումը հստակ ներկայացված է։
«Մենք վստահ ենք, որ դիվանագիտությամբ կարող ենք հասնել հարցի լուծմանը, սա մեծ աղետ է Ուկրաինայի և աշխարհի համար»,- եզրափակեց ԵՄ դեսպանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում