«Մենք լուռ չենք՝ կբարձրաձայնենք խնդիրների մասին, եթե կարիք լինի». Մարինա Կալյուրանդա

Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդան հանդես եկան մամուլի ասուլիսով, ներկայացրեցին  Եվրանեսթի ԽՎ նիստերի ժամանակ քննարկված հարցերը։

168.am մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեց Մարինա Կալյուրանդային՝ ինչո՞ւ ԵՄ-ն չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող այն իրադարձություններին, որոնք, մեղմ ասած, հեռու են ժողովրդավարությունից։ Մասնավորապես՝ մամուլի դեմ հարձակումներ, համայնքապետերի հետապնդում, մարդու իրավունքների ոտնահարում և այլն։

Նաև տիկին Կալյուրանդայից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում տեղի ունեցող այս բռնությունների վերաբերյալ Երևանում ԵՄ դեսպանությունը կամ հասարակական կազմակերպությունները, որոնք այս կամ այն ծրագրի շրջանակներում համագործակցում են ԵՄ-ի հետ, պատշաճ իրենց զեկուցո՞ւմ են։

Պատասխանելով հարցին՝ Մարինա Կալյուրանդան նշեց. «Երբ իմ խոսքում ասացի, որ գնահատում եմ այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կատարվում են Հայաստանում, այո, մենք դա գնահատում ենք, սակայն ամեն բան կատարյալ չէ, աշխարհում կատարյալ երկրներ չկան»։

Ըստ նրա՝ հանդիպել ու քննարկումներ են ացկացրել Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի հետ։

«Խոսել ենք սահմանադրական բարեփոխումների մասին, արդարադատության ոլորտում բարեփոխումների մասին, քննարկում ենք ունեցել անձնական վիրավորանքի քրեականացման թեմայով։ Այո, մենք լավ տեղեկատվություն ստանում ենք Հայաստանից, եվրոպատվիրակությունը մեզ տեղեկատվություն տրամադրում է։ Մենք կարողացել ենք հանդիպել քաղաքացիական հասարակության հետ, նաև Դաշնակցություն կուսակցության հետ։ Մենք լուռ չենք, մենք այստեղ ենք՝ որպես ընկերներ։ Մենք այստեղ չենք, որպեսզի ձեզ ինչ-որ բան սովորեցնենք, այլ այստեղ ենք՝ որպես ընկերներ։ Ինքս Էստոնիայից եմ, և 1991 թվականին որևէ մեկը չէր կարող հավատալ, որ Էստոնիան կդառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, սակայն այսօր մենք այդ երկու կառույցների անդամ ենք և բարգավաճել ենք։

Իհարկե, մենք կբարձրաձայնենք խնդիրների մասին, եթե կարիք լինի, այդ թվում՝ կխոսենք նաև փոքրամասնությունների մասին, այդուհանդերձ մենք պետք է ընդունենք այն առաջխաղացումը, որը կա»,- նշեց Մարինա Կալյուրանդան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս