Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։
Երկու ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել: Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ եւ աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Բայդենը Զելենսկու հետ զրույցի ժամանակ «դատապարտել է ռուսաստանցի զինվորականների այդ չհրահրված եւ չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա» եւ հայտնել այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն անում է, որպեսզի այդ գործողությունները դատապարտի ողջ համաշխարհային հանրակցությունը:
ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ հանդիպում է պլանավորում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ եւ այդ հանդիպման արդյունքներով խիստ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ: Նա նաեւ խոստացել է՝ օգնել եւ աջակցել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Բայդենն արդեն դատապարտել է այդ որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: