Նկարագրված չէ որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել. Ռոբերտ Քոչարյան
«Հարգելի՛ դատարան, ինձ համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, և այն ժամանակ, երբ քննիչին ասացի՝ այս կամ այս կետը ինչ է նշանակում, այս բառը,նախադասությունը, լիազորությունների շրջանակը, քննիչն ասեց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու, եթե ես համաձայն չեմ, ապա կգրենք, որ համաձայն չես»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սիլվայի գործով» դատական հերթական նիստին անդադառնալով իրեն վերագրվող մեղադրանքի էությանը՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահը շեշտեց, որ ինքը հրապարակային ելույթներում ևս այդ մասին նշել է:
«Փաստաբանների հետ շփման ժամանակ միշտ ասում էի՝ ինձ բացատրեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, որովհետև նկարագրված չի որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել: Եվ իմ փաստաբաններն ասում են՝ մենք էլ չենք հասկանում։
Հիմա՝ իմ վիճակը. փաստաբանները չեն հասկանում, պետք է չհասկանալով՝ ինձ պաշտպանեն: Քննիչը համարել է, որ ինքն այդ պարտականությունը չունի: Երբ հարցը տվել եք ինձ՝ հասկանալի է, թե չէ, եթե դուք այդ պարտականությունը չունեք պարզաբանելու, ինչի եք այդ հարցը ինձ տալիս»,- ասաց նա՝ արձանագրելով օրենքի բացը:
«Սա է մեր այս միջնորդության էությունը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում ընթերցվել է մեղադրական եզրակացության մի մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1 արարքները: Մեղադրանքները ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա են:
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները դատարանին ու մեղադրող կողմին խնդրել էին նշել, թե կոնկրետ ինչում են մեղադրվում իրենց պաշտպանյալները, ապա ի նշան բողոքի՝ նրանք լքել էին նիստերի դահլիճը։
Ի դեպ, օրերս մամուլի ասուլիսում անդրադառնալով այս մեղադրանքի էությանը՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, որ անգամ իր փաստաբանների համար էր անհասկանալի մեղադրանքը:
«Մի կին՝ Սիլվա Համբարձումյան անունով, բավական հայտնի, որին չեմ ճանաչում, ոչ միայն չեմ ճանաչում՝ ես չգիտեի այդ կնոջ գոյության մասին ընդհանրապես մինչև այս քրեական գործը, ես չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան»,- ասել էր Երկրորդ նախագահը: