Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը («Սիլվայի գործով» դատական ​​նիստը)։

Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին:

«Ինչպես հայտնի է՝ նախորդ՝  15.02.2022 թ. դատական նիստի ընթացքում մեղադրողների կողմից հրապարակվել է քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի մասը՝ կապված ՔՕ 311 հոդվածով պարոն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ, որից հետո նախագահող դատավորը պարզաբանեց մեղադրանքի իրավաբանական որակավորումը և մեղսագրվող հոդվածով նախատեսված պատժի չափը: Ապա հարց ուղղեց պարոն Քոչարյանին՝ արդյո՞ք իր համար հասկանալի է առաջադրված մեղադրանքը:

Ի պատասխան՝ պարոն Քոչարյանն ու պաշտպանները հայտնեցին, որ մեղադրանքի էւությունը պարզ չէ, նշեցին, թե մեղադրանքի ձևակերպումներում հատկապես ինչն իրենց համար պարզ չէ և ինչու պարզ չէ, և խնդրեցին պարզաբանել այդ ոչ պարզ դրույթները:

Ի պատասխան՝ նախագահող դատավորը հայտարարեց հետևյալը՝ դատարանը պարզաբանում է, որ թեև մեղադրանքի էությունը պարզաբանելու պարտականություն Օրենսդիրը դրել է դատարանի վրա, սակայն դատարանը, իր կարգավիճակից ելնելով, մեղադրանքը պարզաբանելիս չի կարող դուրս գալ առաջադրված մեղադրանքի սահմաններից, չի կարող վերաձևակերպել մեղադրանքը: Միևնույն ժամանակ՝ դատարանն արձանագրում է, որ մեղադրողները պարտավոր չեն դատական նիստում պարզաբանել մեղադրանքը,  և դատարանն իրավասու չէ  մեղադրողներին պարտավորեցնել պարզաբանել մեղադրանքը»,- միջնորդության հիմնավորումն ընթերցեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հիշեցրեց Սահմանադրության պահանջները, որոնց համաձայն՝  մեղադրյալը պետք է տեղեկացված լինի մեղադրանքի մասին՝ արձանագրելով, որ իրավիճակը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատավարության իրավունքի մասին դրույթին։

Հիշեցնենք՝ նախորդ նիստում ընթերցվել է մեղադրական եզրակացության մի մասը,  ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝  Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1 արարքները: Մեղադրանքները ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա են:

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները դատարանին ու մեղադրող կողմին խնդրել էին նշել, թե կոնկրետ ինչում են մեղադրվում իրենց պաշտպանյալները, ապա ի նշան բողոքի՝ նրանք լքել էին նիստերի դահլիճը։

Ի դեպ, օրերս մամուլի ասուլիսում անդրադառնալով այս մեղադրանքի էությանը՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, որ անգամ իր փաստաբանների համար էր անհասկանալի մեղադրանքը:

«Մի կին՝ Սիլվա Համբարձումյան անունով, բավական հայտնի, որին չեմ ճանաչում, ոչ միայն չեմ ճանաչում՝  ես չգիտեի այդ կնոջ գոյության մասին ընդհանրապես մինչև այս քրեական գործը, ես չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան»,- ասել էր Երկրորդ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս