«Արդյո՞ք ես կաշառակեր ու կոռուպցիոն դատավորներից եմ՝ ձեր նախարարի աչքերով, ու դրա համար է իմ նկատմամբ այս գործընթացը». Վազգեն Ռշտունին՝ Կարեն Անդրեասյանի ներկայացուցիչներին
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթի քննությունը:
Նախորդ նիստի ընթացքում Վազգեն Ռշտունու ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը փորձում էին հասկանալ, թե, ի վերջո, ո՞ւմ բողոքի հիման վրա է դատավորի նկատմամբ հարուցվել կարգապահական վարույթ:
Այսօրվա նիստին արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկա չէր: Վերջինիս փոխարեն՝ Կարեն Անդրեասյանի հարուցած վարույթը պաշտպանում էր արդարադատության մեկ այլ փոխնախարար՝ Երանուհի Թումանյանցը:
Նախորդ նիստն ընդհատվել էր այնտեղ, երբ Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ «անուններ մի տվեք, թիվ ասեք՝ էլ քանի՞ հոգու վերաբերյալ է նման ուսումնասիրություն կատարվել ու դրա արդյունքներով քանի՞ հոգու նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել»:
Այսօրվա նիստին Ռուբեն Մելիքյանը կրկնեց հարցը՝ վերաձևակերպելով այն: Նրան հստակ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է շարունակ դատավորների գնահատման վարկանշային աղյուսակում առաջատար Վազգեն Ռշտունին արժանացել արդարադատության նախարարի ուշադրությանը:
Բավական տևական քննարկումից հետո այդպես էլ պարզ չեղավ, թե, ի վերջո, ինչո՞ւ են ստուգումներ սկսվել հենց Վազգեն Ռշտունու առնչությամբ:
Ռուբեն Մելիքյանի հաջորդ հարցը վերաբերում էր նրան՝ արդյո՞ք Ռշտունու կողմից վերաբաշխված նշված 10 գործերի ճակատագրի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրություն կատարել է: Ի պատասխան՝ Երանուհի Թումանյանցը բերեց քրեական գործերից մեկի օրինակը, երբ տարբեր օրերի նիստեր չեն կայացել, ապա նոր այն վերաբաշխվել է:
«Ի՞նչ է նշանակում սա: Ժամկետ խախտվե՞լ է, թե՞ ոչ»,- հարցրեց արդարադատության փոխնախարարը:
Վազգեն Ռշտունին նկատեց՝ կան գործեր, որոնք կարող են մեկ նիստով ավարտվել, կան այնպիսիք, որոնք կարող են հետաձգվել, որովհետև, օրինակ, բերված օրինակի գործով՝ 2 ամսվա ընթացքում որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, և ի՞նքը կվարեր նիստը, թե՞ մեկ այլ դատավոր, նշանակություն չուներ:
«Արդարադատության փոխնախարարը քիչ էր մնում ասեր՝ գործերը ցրել է ու գնացել»,- իր դիրքորոշումը Երանուհի Թումանյանցի ելույթի վերաբերյալ ներկայացրեց Վազգեն Ռշտունին:
Դատավոր Վազգեն Ռշտունու մյուս ներկայացուցչի՝ Սիրանուշ Սահակյանի հարցերը Վերաքննիչ դատարանում գործերի վերաբաշխման հետևանքով պատասխանատվության պրակտիկայի մասին էին. կա՞ նման պրակտիկա, թե՞ ոչ: Այս հարցը ևս պատասխան չուներ:
«Արդյո՞ք ես կաշառակեր ու կոռուպցիոն դատավորներից եմ՝ ձեր նախարարի աչքերով, ու դրա համար է իմ նկատմամբ այս գործընթացը»,- դիմելով արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ ասաց Վազգեն Ռշտունին:
Գագիկ Ջհանգիրյանը փակեց թեման՝ ասելով, որ այստեղ իրավական գործընթաց է, և քաղաքական հայտարարություններ չի կարելի անել:
«Ինչի նախարարը իրավաբան չէ՞»,- արձագանքեց դատավոր Ռշտունին:
Հաջորդիվ իր հարցերը վարույթ հարուցող կողմին ուղղեցին ԲԴԽ անդամները: Մասնավորապես, Անի Մխիթարյանին նույնպես հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ուսումնասիրել Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերը: Հնչեց պատասխան՝ ուսումնասիրվել են այլ դատավորների գործեր ևս:
«Եղե՞լ է արդյոք նման պրակտիկա այդ դատարանում կամ այլ դատարանում, թե՞ դա կոնկրետ դատավորի դեպքում է միայն»,- ասաց Անի Մխիթարյանը՝ այլ մանրամասնող հարցեր նույնպես հնչեցնելով:
Հարցեր ուներ նաև ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Որոշակի հարցերի պատասխաններ չեն տրվում, որովհետև դրանք գտնվում են գաղտնիության ռեժիմում: ԲԴԽ անդամներին որոշում կայացնելիս խնդրում ենք հաշվի առնել, որ ոչ թե այդ հարցերի պատասխանները չունենք, այլ դրանք գաղտնիության ռեժիմում են»,- ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ներկայացուցիչը:
Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո ԲԴԽ անդամները շարունակեցին հարցեր տալ արդարադատության նախարարի ներկայացուցիչներին: Հարցեր հնչեցին Մեսրոպ Մակյանի կողմից:
«Եթե պարոն Ռշտունին կարգապահական վարույթի հարուցումից հետո արդարադատության նախարարին պարզաբանում տար, որ իր օգնականն է գործերի վարույթները հանձնել, ինքը որևէ բանից տեղյակ չէ, և դատարանի նախագահն ինքն է որոշել վերամակագրել դրանք, արդյո՞ք դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվեր»,- հարցրեց Մեսրոպ Մակյանը, ինչին Երանուհի Թումանյանցը պատասխանեց՝ այո, ապա, քանի որ այդ պատասխանը չգոհացրեց ԲԴԽ անդամին, փորձեց պարզաբանել իր պատասխանը: Նրան օգնության հասան Կարեն Անդրեասյանի մյուս ներկայացուցիչները:
Ինչ-որ պահի Երանուհի Թումանյանցը որոշեց դիալոգի մեջ մտնել Մեսրոպ Մակյանի հետ, բայց դա էլ կարծես չօգնեց նրան հիմնավորել իր պատասխանը:
«Ես կարծում եմ, որ Ձեր հարցերն ուղղորդված են»,- Մեսրոպ Մակյանին դիմելով՝ ասաց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Նա արձագանքեց՝ եթե այդպես եք կարծում, կարող եք դիմել համապատասխան գործողությունների:
Մինչև այսօրվա քննության ավարտը հանդես եկավ նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին՝ ներկայացնելով խնդրո առարկա դարձած իր գործողությունների վերաբերյալ որոշակի պարզաբանումներ: