Աքարը` Մոնտրոյի կոնվենցիայի մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ անդրադարձել է Մոնտրոյի կոնվենցիային ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մեր անկեղծ ցանկությունն է, որ Սև ծովի սահմանակից երկրներն այնտեղ ապրեն հարմարավետության, ապահովության և բարգավաճման պայմաններում։ Այս առումով մենք այնտեղ հնարավորություն ունեցանք շեշտելու Մոնտրոյի կոնվենցիայի կարևորության մասին: Մենք նշեցինք նաև, որ Մոնտրոյի կոնվենցիայով նախատեսված կարգը շահավետ է բոլոր կողմերի համար և անհրաժեշտ աջակցել կոնվենցիային (դրա գործունակությանը)»,- ասել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը, խոսելով բուն ռուս-ուկրաինական լարվածության մասին, հայտարարել, որ Ուկրաինայում ռազմական ակտիվության մասին լրատվամիջոցների տեղեկատվությանը պիտի զգուշավորությամբ վերաբերվել, քանի որ դրանց մի մասն ապատեղեկատվություն է: Վերջինի խոսքով՝ պետք է կանխել այն հնարավոր վատ հետևանքները, որոնք կարող են առաջանալ ապատեղեկատվությունից: