ՔՊ-ն դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին:
Քննարկելուց հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին հայտարարության նախագծին։
Նախագծում, մասնավորապես, նշված է. «ՀՀ Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ:
Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:
Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ, դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակները՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:
Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար:
Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով և այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ:
Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը: Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին: Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն:
Ազգային ժողովը հայտարարում է՝
Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»: