«Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Ինչպես հայտնի է, վարույթ իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։

Ավելի քան չորս ամիս կալանքի տակ գտնվող Տոնոյանն էլ իր հայտնի նամակում վստահություն հայտնեց, որ «փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը»։ Փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ, հիշեցնենք, հանդես էր եկել դատախազությունը, մեր տեղեկություններով՝ անգամ ՊՆ հատուկ ստորաբաժանմանը տեղյակ են պահել՝ նախապատրաստվել, որ հրթիռների մասով փորձաքննություն է իրականացվելու, սակայն ժամանակ անց փոշմանել են, իսկ գործով փակ նիստի ժամանակ դատախազական կողմն իբր հիմնավորել է, որ փորձաքննությունը, մեծ գումարների հարց լինելուց զատ, կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ, որովհետեւ պետք է ինքնաթիռն օդ բարձրանա, հրթիռը կրակի եւ այլն։

Եվ չնայած գործով ամբաստանյալներից մեկը, որը մասնագիտությամբ օդաչու է, պատրաստակամություն է հայտնել անձամբ վարել ինքնաթիռը, ավելին՝ թռիչքի ժամանակ էլ ընտանիքին նստեցնել ինքնաթիռում՝ փորձելով վստահեցնել, որ ինքնաթիռները լավ վիճակում են, միեւնույն է՝ փորձաքննություն անցկացնելու որոշում մինչ օրս չի կայացվում»:

Տեսանյութեր

Լրահոս