Բաժիններ՝

Հնդկաստանում 38 մարդու մահվան են դատապարտել Ահմեդաբադում իրականացված պայթյունների գործով

Հնդկաստանում դատարանը 38 մեղադրյալների մահվան է դատապարտել 2008 թվականին Ահմեդաբադ քաղաքում ռումբերի պայթյունների գործով, որի հետեւանքով գրեթե 60 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է India TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի վճիռը:

Անցած շաբաթ դատարանը 49 մարդու մեղավոր է ճանաչել Ահմեդաբադում իրականացված մի շարք պայթյունների մեջ:

Այս գործով մեղադրյալները մեղավոր են ճանաչվել սպանություն, մահափորձ, խռովության հրահրում, կրոնական հողի վրա տարբեր խմբերի միջեւ թշնամանքի բորբոքում եւ հակաիրավական գործողությունների մասին օրենքի տարբեր հատվածների ու ահաբեկչության դեմ պայքարի օրենքի խախտում հոդվածներով:

«Ահմեդաբադի հատուկ դատարանը փետրվարի 18-ին մահապատժի է դատապարտել 2008 թվականին Ահմեդաբադ քաղաքում ռումբերի պայթյունների գործով 49 դատապարտյալներից 38-ին: Մնացած 11 հոգուն ցմահ բանտարկության են դատապարտել»,- հաղորդել է հեռուստաալիքը:

2008 թվականին Ահմեդաբադում հաշված րոպեների տարբերությամբ 22 պայթյուն է որոտացել: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 56 մարդ, ավելի քան 200-ը վերքեր են ստացել:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն այդ ժամանակ ստանձնել է «Հնդիկ մոջահեդներ» խմբավորումը:

Այս աղմկահարույց գործով դատական գործընթացն սկսվել է 2009 թվականին եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, սկզբում անցել է Ահմեդաբադի կենտրոնական բանտում, ավելի ուշ հետաքննությունն անցկացվել է հիմնականում տեսակապի միջոցով: Ինչպես նշում է հեռուստաալիքը, 2013 թվականին մի շարք մեղադրյալներ փորձել են փախչել՝ փորելով գրեթե 65-մետրանոց թունել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս