Մեծ Բրիտանիան պատրաստվում է «Յունիս» փոթորկին
Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը փետրվարի 18-ի համար կարմիր նախազգուշացում է հայտարարել վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորկի կապակցությամբ, որը մոտենում է Մեծ Բրիտանիային: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Նախազգուշացումը գործելու է ժամը 07:00-ից մինչեւ 12:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ից մինչեւ 16:00-ն): «Յունիս» փոթորիկը կարող է ժամում մինչեւ 140 կիլոմետր արագությամբ քամու պոռթկումներ բերել Անգլիայի հարավ-արեւմուտք եւ Հարավային Ուելս: Հնարավոր են տների ավերածություններ, հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ եւ էլեկտրաէներգիայի անջատումներ: Ուելսի եւ Մոմերսեթի կոմսության դպրոցները կփակվեն այցելությունների համար: Միլիոնավոր մարդիկ, որոնք ապրում են Դեւոնի, Քոռնուոլի եւ Սոմերսեթի առափնյա մասերում, ինչպես նաեւ Ուելսի հարավային ափին, պետք է մնան տանը:
Անգլիայի մնացած ողջ տարածքում վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել ժամը 05:00-ից մինչեւ 21:00-ն (Երեւանի ժամանակով 09:00-ից մինչեւ 01:00-ն): BBC-ի ալիքի եղանակի տեսության հաղորդավար Սայմոն Քինգը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հարավային ափերի համար քամու ուժի կանխատեսումը համեմատելի է 1990 թվականի հունվարին մոլեգնած «Փոթորիկ Բեռնսի օրը» անվանմամբ ցիկլոնի հետ, որի պատճառով զոհվել է մոտավորապես 50 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: