Բաժիններ՝

Տերն իրականում սպասում է ճիշտ ժամանակին և միայն նա գիտի, թե ինչպիսին պետք է լինի պատասխանը

Երբեմն մենք Տիրոջից սպասում ենք, որ Նա մեր աղոթքներին արձագանքելու է անմիջապես։Եվ հաճախ էլ հնարավոր է անգամ դժգոհենք հարցնելով՝ ինչո՞ւ է ուշացնում պատասխանը, չէ՞ որ հավատում ենք Նրան ողջ հոգով, չէ՞ որ աղոթքն անկեղծ է ու բխում է մեր սրտերից։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում պատասխանը։

Դժգոհելուց զատ նաև երբեմն հիասթափվում ենք՝ տեսնելով, որ Տիրոջ պատասխանն ուշանում է։ Սրանով, անշուշտ, ցույց ենք տալիս մեր խարխուլ հավատքը և ուրիշ ոչինչ։ Սրանով ակնհայտ է դառնում այն, որ պակաս վստահություն ունենք Տիրոջ կամքի հանդեպ, որ առավել եսասեր ենք։

Սակայն նման դեպքերում ի՞նչ է պետք անել՝ հարցնում ենք մենք՝ հասկանալով, որ մեր ընտրած ուղին սխալ է։ Ինչպես միշտ, բոլոր բարդ ու խճճված իրավիճակներում ու հնարավոր մոլորություններին դեմ-հանդիման՝ մեր ձեռքն ենք առնում Սուրբ Գիրքը՝ փնտրելով Ճշմարտությունը։

«Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։ Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն» (Բ Պետրոս 3.8-9)։- Այսպես է գրված Աստվածաշնչում։ Ուստի՝ ստացվում է, որ մեր կարծիքով Տիրոջ պատասխանի ուշանալն իրականում բնավ էլ ուշանալ չէ։ Որ Տերն իրականում սպասում է ճիշտ ժամանակին և միայն նա գիտի, թե ինչպիսին պետք է լինի պատասխանը։

Եվ երբ խնդրում ենք Տիրոջից ինչ-որ բան կամ մեր աղոթքներն ուղղում ենք առ Աստված՝ պատասխանի սպասելով, չնշանակենք պատասխանի համար մեզ հարմար պահ ու ժամանակ, այլ միայն ընդունենք, որ ամեն բան գիտի միայն Աստված, այլ միայն հավատանք Տիրոջը։ Հիշենք այն մասին, որ Տերը ցանկանում է փրկել բոլորիս և քաջ գիտակցենք, որ ստանալու ենք փրկության հնարավորությունը։ Պատրաստվե՛նք դրան ամուր հոգով, հավատով ու հաստատակամությամբ՝ Տերը չի ուշացնի իր խոստումը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս