Չպետք է վախենալ ինտեգրման պրոցեսներից, սառը հաշվարկ պետք է անել՝ ինչ ենք ստանալու, ինչ՝ զիջելու. Քոչարյանը՝ միութենական պետության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է այն, ինչ մտածում է, և այն, ինչ մտածում են ուրիշները։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով Լուկաշենկոյի հայտարարություններին։

«Միշտ չի, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է։ Ինձ համար, սակայն, անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը տեղի ունեցավ ՀՀ-ում Լուկաշենկոյի հայտարարության առնչությամբ։ Այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, ուղղակի հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին զրո արձագանք է եղել»,- շարունակել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանը փախչելու տեղ չունի: «Ի՞նչ է, կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա տեսել է»,- ասել էր նա։

Ինչ վերաբերում է միութենական պետության կազմում լինել-չլինելուն, Քոչարյանի դիտարկմամբ՝ աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են` օրինակ, ԵՄ-ն։

Բայց, ըստ նրա, Ռուսաստան-Բելառուս գործընթացը հեռու է ԵՄ ինտեգրման պրոցեսի աստիճանից։

«Այսօրվա աշխարհում չպետք է վախենալ ինտեգրման պրոցեսներից, պարզապես պետք է նստել և հաշվել՝ ինչ ենք ստանալու, ինչ` զիջելու։ Սառը հաշվարկ պետք է անել։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, և չենք համարել, որ դա հասունացած է: Իսկ հիմա նման գործընթացներին պետք է պրագմատիկ վերաբերվել, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ շատ կոնկրետ հաշվարկով՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք մենք: Կամ ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք մենք կորցնում կամ ստանում»,- շեշտել է նա՝ նշելով, որ դեռ նման առաջարկ չկա, ստանալու դեպքում՝ պիտի սթափ գնահատել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս