Սա մեծ խաղ է, որտեղ Թուրքիան գործիք է Ռուսաստանի ու Իրանի դեմ, իսկ առաջին տուժողը մենք ենք լինելու. Ստեփան Դանիելյան

Հայաստանում ուշադիր հետևում են Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին. սա Հայաստանի արտգործնախարարության տարածած վերջին հայտարարությունն է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: Նկատենք, սակայն, Հայաստանն այլ պետությունների նման, առայժմ կոչ չի արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից:

Ռուսաստան-Արևմուտք հնարավոր սրացման հետևանքներին երեկ անդրադարձել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ առաջ մղելով նաև փորձագիտական շրջանակներում հնչող այն թեզը, թե «միջազգային հանրության ուշադրությունը, հնարավոր է՝ կենտրոնանա Ուկրաինայի վրա, և մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել»:

Ի դեպ, մինչ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան շարունակում են պնդել, թե առաջիկա օրերին սպասում են ռուսական ռազմուժի հարձակմանը Ուկրաինայի դեմ, այսօր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բաց ակնարկով վստահեցրեց՝ այդ պնդումներն Արևմուտքի ձախողված քարոզչության մաս են:

Հարավային Կովկասում ուկրաինական ճգնաժամի սրացման հնարավոր հետևանքների մասին 168.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

Արձանագրելով, որ Ուկրաինայի դեպքերն ուղղակիորեն փոխկապակցված են մեր տարածաշրջանի հետ, և այն պետք է դիտարկել՝ որպես մեկ ընդհանուր կոնֆլիկտի տարբեր խաղատախտակներ, քաղաքագետը մանրամասնեց.

«Պարզ է, որ խնդիրը գլոբալ է, և նպատակը Ռուսաստանի ազդեցության աշխարհաքաղաքական սահմանափակումն է։ Պատահական չէ, որ Արցախի պատերազմը սրեց նաև Դոնբասի կոնֆլիկտը. դրանք փոխկապակցված կոնֆլիկտներ են։

Արցախի պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեծացրեց իր ազդեցությունը Կովկասում և Միջին Ասիայում, հիմա հերթը Ուկրաինայինն է։ Սա աշխարհաքաղաքական մրցակցություն է, որտեղ Թուրքիան Արևմուտքի գործընկերն է ու հիմնական շահառուն։ Այս իմաստով, այո՛, Ուկրաինայում հնարավոր պատերազմը ազդեցություն կունենա նաև մեր տարածաշրջանի վրա»:

Ստեփան Դանիելյանը վերաձևակերպեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն դիտարկումը, թե՝ «միջազգային հանրության ուշադրությունը, հնարավոր է՝ կենտրոնանա Ուկրաինայի վրա, և մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել»:

Ըստ նրա՝ ոչ թե «միջազգային հանրությունը», տվյալ դեպքում՝ Բրիտանիայի մենեջմենթի միջոցով, ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա, ու «որոշ ուժեր» առիթից կօգտվեն և մեր տարածաշրջանում կփորձեն ռազմական ճանապարհով հարցեր լուծել, այլ հենց այդ «միջազգային հանրությունը» միաժամանակ կփորձի և Ուկրաինայում, և մեր տարածաշրջանում հարցեր լուծել, ուղղակի այս անգամ՝ Թուրքիայի ձեռքերով։

«Սա մեծ խաղ է, որտեղ Թուրքիան գործիք է, որին կօգտագործեն Ռուսաստանի ու Իրանի դեմ, իսկ առաջին տուժողը մենք ենք լինելու»,- հավելեց նա:

Ի պատասխան հարցին էլ, թե այս ճգնաժամը հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա հենց Արցախի և այնտեղ տեղակայված խաղաղապահների հարցի վրա՝ հաշվի առնելով նաև Արևմուտքի շահագրգռությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, քաղաքագետը նշեց.

«Միանշանակ, այդ հնարավոր ազդեցությունն ակնհայտ է, ուղղակի դա պետք է ցանկանալ տեսնել։

Արևմուտքին ոչ թե Հայաստանն ու Արցախն են հետաքրքրում, այլ ավելի մեծ հարցեր, իսկ Արցախի՝ թեկուզ այս կարգավիճակով գոյությունը խանգարում է Ռուսաստանի ու Իրանի աշխարհաքաղաքական թուլացմանը, և նրանց պետք է, որ Արցախի, գուցե նաև՝ Սյունիքի «հարցերի» վերջնական լուծմամբ, այսինքն՝ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի տիրապետության տակ դնելով, իրենց համար կարևոր խնդիրներ լուծել»:

Տեսանյութեր

Լրահոս