«Մարդասպանը չի կարող քննել մարդասպանությունը». Արմեն Աշոտյանը՝ պատերազմը քննող ԱԺ հանձնաժողովի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի երեկ հրապարակված հարցազրույցին, բնորոշեց, թե այն թերխաշ մակարոնը, լափը, որը եփում է իշխանությունը և լցնում ժողովրդի առաջ, կարծո՞ւմ է, որ պետք է ուտի։
«Դա ոչ մենք ենք ուտելու, ոչ էլ թողնելու ենք, որ ժողովուրդը խաբնվի ու իշխանության եփած տեղեկատվական բորշչը ուտի։
Կազանյան փաստաթուղթը, որը ստորագրել է Սերժ Սարգսյանը, ԱԽՔ-ն իր հարցազրույցում չհերքեց, որ այն գնացել է ԵԱՀԿ դեպոզիտարիա, դա այն տեղն է, որտեղ մնում են համաձայնեցված միջազգային փաստաթղթերը, և այդ կարգավորման հետագա փաթեթի մաս էր կազմում։ Հետևաբար, եթե Կազանյան փաստաթուղթը լավն էր, ապա ինչպե՞ս են անուն կպցնում, եթե ցողունը լավն է, ինչպե՞ս են այն գովում, բայց ճյուղերին անուն կպցնում։ Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ այլասերված լոգիկայով են դա փորձում անել։
Հաջորդ ակնհայտ սուտն այն է, թե Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ տվել է բանավոր խոստում, այս թեման իրենք քանի տարի փորձում են բրթել, փորձում էին բրթել ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամանակ Քոչարյան Անդոյով, բայց տեսան, որ նման թեմա չկա։ Թեման այս սրիկան էլի բրթում է իր վերջին հարցազրույցում՝ մանիպուլյացնելով Սերժ Սարգսյանի խոսքերը։ Նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ որևէ բանավոր պայմանավորվածություն, խոստում չի եղել, եղել է միայն բանավոր պայմանավորվածությունը կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Սա իշխանությունը որևէ կերպ հերքել չի կարող»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ դա պարզապես զավեշտ է, քանի որ սա նույնն է, որ մարդասպանն այդ սպանության գործով նշանակվի քննիչ։
«Ընդդիմությունից էլ վառվել են, ասում են՝ ինչո՞ւ չեք գալիս օրինականացնեք մեր այս զավեշտը, ֆարսը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրվելու են, բայց դա չի անելու Քոչարյան Անդոն, ԱԽՔ-ը, Նիկոլը, դա արվելու է իշխանափոխությունից հետո՝ ողջ ճշմարտությունը բացահայտելու համար, որ մարդիկ չվախենան ու գան պատմեն, թե ինչպես եք վերացրել ՄՕԲ-ը, ինչպես եք մարդկանց տարել ու շպրտել առաջնագծում ու թողել անտեր, դիվանագիտական ինչ մեծ սխալներ եք արել Մյունխենում՝ լակելով գարեջրատներում։ Երբ դուրս էր գալիս ու ասում՝ Մինսկի խմբի համանախագահներ, դուք պետք է գաք ու բացատրեք, թե ինչ են այդ հիմնարար սկզբունքները, որից հետո ինքը կասի՝ դրանք ընդունո՞ւմ է, թե՞ ոչ։
Այս ամենը բացահայտվելու է, բայց ոչ այս իշխանության օրոք, մարդասպանը չի կարող քննել մարդասպանությունը։ Իրենք կարան իրենց շոուն ապահովեն, չգիտեմ՝ ո՞ւմ են քավության նոխազ նշանակելու, Լուլուին, պուպուին»,- հավելեց Արմեն Աշոտյանը։