Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում. թռչնաբույծների միության նախագահ
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև, ու չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այստեղ խնդիր չի տեսնում, ասում է՝ Հայաստանում երեք տարին մեկ այսպես է լինում:
«Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ շուկան չի կանոնակարգվում, այսինքն՝ տեղում տոհմային տնտեսություն չունենք, որ իմանանք, թե տարվա կտրվածքով ինչքան է լինելու: Ամեն տարի ներկրում են մեկ օրական ճտեր ու ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար երբեմն շատ են ներկրում: Հիմա էլ, որ դրսում թռչնագրիպ է, ով ինչ կարողանում է՝ բերում է: Գումարած սրան՝ փոքր ձեռնարկությունների թիվն ավելանում է, ու դա շատ լավ է: Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ դժգոհության պատճառն այն է, որ չեն կարողանում մրցակցել:
«Իրենց մոտ ինքնարժեքը բարձր է, քան առևտրային կազմակերպություններում, հիմա էլ դժգոհում են: Բա որ շուկա էին մտնում՝ չգիտեի՞ն, որ այդպես է լինելու»,- հավելեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:
Նրա փոխանցմամբ՝ ամեն ինչ արել են, որպեսզի հավկիթի դեֆիցիտ չլինի:
«Ամեն ինչ արել ենք, որ այս տարվա Զատիկին դեֆիցիտ չլինի: Շուկայում նոր խաղացողներ են ավելացել՝ ի տարբերություն անցած տարվա»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:
Հարցին, թե եղե՞լ են փակվող ընկերություններ, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պատասխանեց. «Կլինեն: Անցած տարի չեն եղել»:
Հավելենք, որ շուկայում հավկիթը վաճառվում է 50-85 դրամի սահմաններում՝ նախկին 90-120 դրամի փոխարեն: