«Ալիևն հազար ու մի բան է համաձայնել, հետո գնացել Բաքու ու դրանցից հրաժարվել է». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցում հնչեցրած տարբեր ձևակերպումներին, որտեղ նա հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը ողբերգություն է, նկատեց. «Եթե Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ողբերգություն էր, այ վակուումային փոշեկուլ, ապա ձեր բերած իրականությունն ի՞նչ է։ Սա դժոխքի ամենաբարձր պտուղն է, 9-րդ շրջանն է։ Իրենց բերած այսօրվա իրականության համեմատ՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթն է դրախտ, այլ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած փաթեթը Եգիպտոսի կուրորտ էր»։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ստերը «չախել» են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները, որոնք համանախագահ Պոպովի անունից իրենց պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի առաջին ստերի ժամանակ բացահայտել են կարգավորման այն տարբերակը, որը կա։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում ասուլիսի ժամանակ «անգրագետ ու ցինիկ ժպիտով» ասում էր՝ որն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, և թվարկում էր այդ ժառանգությունը։ Այդ ժառանգության մեջ գրված է Արցախի համար միջանկյալ կարգավիճակ, Արցախի համար հանրաքվե:
«Իրենք սուտ են տարածում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյան իր հետ տարել փաստաթղթերը։ Առաջին սուտն այն է, որ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ չի տարել, եթե Սերժ Սարգսյանը փաստաթղթերը տարած լիներ, ա՛յ տուֆտեք, բա ո՞նց էիք դուք կարդալու այդ փաստաթղթերը։ Ակնհայտ է, չէ՞, որ Սերժ Սարգսյանը փաստաթղթերի բնօրինակները ձեզ մոտ է թողել, ինքը տարել է պատճենները, բնականաբար, իր քաղաքական ժառանգությունն է դա, ինքն ունի հատուկ կարգավիճակ, ունի գաղտնի ու հույժ գաղտնի տեղեկատվության նկատմամբ դոստուպ և իր փաստաթղթերը տարել է։ Կարծում եմ՝ տարել է այսօրվա համար, հասկանալով, որ սրանց նման սրիկաները գալու են ու փորձեն նենգափոխել, խաբել ու մոլորեցնել մարդկանց։ Սրանք դրանից են վառված, որ Սերժ Սարգսյանի ձեռքում այդ փաստաթղթերի պատճենները կան, և իրենք չեն կարողանում իրենց ստերն ամբողջականացնել»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը միաժամանակ ընդգծեց, որ եթե, ըստ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի նամակները վատն են, ապա իրենք կարող են դրանք հրապարակել, քանի որ դրանք Երրորդ նախագահի անձնական նամակները չեն Պուտինին կամ Օլանդին, այլ դրանք պետական փաստաթուղթ են։ Եթե դրանք լինեին Սերժ Սարգսյանի անձնական նամակները, ապա դրանք նա վաղուց կհրապարակեր։
«Դրանք պետական փաստաթղթեր են, ֆիքսեք ձեր տորիչելյան դատարկ գլուխների մեջ, և եթե ուզում են, թող հրապարակեն, մենք դա կանենք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ ԱԽՔ ոչնչությունը հեգնում էր, թե լավ է՝ կոմպը Սերժ Սարգսյանը չի տարել, հասկանում եք, փողոցից եկած թափթփուկը, որը մինչև 2018 թվականի ապրիլ ամեն գրանտին կակա էր ասում, հիմա հեգնում է։ Հիշում եք, նոյեմբերի 9-ին, երբ ժողովուրդը բորբոքված էր, մտել էին կառավարության շենք, Նիկոլը բողոքում էր, որ իրենից դուխի են գողացել, սա է իրենց մտածելակերպը։
Հաջորդ սուտը՝ ասում են՝ Ալիևը որևէ պարտավորություն չէր վերցնում իր վրա, միջազգային հանրությունն էր վերցնում, նույնիսկ այս դրվագով ապացուցում են, որ Ալիևին ավելի շատ են սիրում, հավանում, Ալիևից ավելի շատ են կախված, քան միջազգային հանրություն կոչվածից։ Հիմա ես չեմ, դուք եք, ո՞ւմ խոսքն է ավելի ծանրակշիռ աշխարհի խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ Արցախի, Ալիևի՞, թե՞ միջազգային հանրության։ Ալիևը հազար ու մի բան է համաձայնել, հետո գնացել Բաքու ու դրանցից հրաժարվել է, այստեղ Ալիևի՞ խոսքն էր կարևոր հայերի համար, թե՞ միջազգային հանրության, ջհանդամին, թե Ադրբեջանը հետո իր վրայից պատասխանատվությունը գցելու էր, բայց միջազգային գարանտներն այդ պատասխանատվությունը չէին գցելու»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։