«Այդ ստորաբաժանման նպատակը հիմնականում այն է, որ «բլից-կրիգների» ժամանակ շատ արագ իրականացնեն գործողություն, որը կտա արդյունք». Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանի նախագահի կողմից ստեղծված «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել, որտեղ ներգրավվել են թրթուրավոր և դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է եղել այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը:

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններին, որոնք հաճախակի բնույթ են կրում, նշեց, որ Ալիևի կողմից ստեղծված «Կոմանդոս» ստորաբաժանումը հենց այնպես չի կազմավորվել։

«Այդ ստորաբաժանման խնդիրն ու նպատակը հիմնականում այն է, որ «բլից- կրիգների» ժամանակ շատ արագ իրականացնեն գործողություն, որը կտա արդյունք։ Երբ այսօր մենք խոսում ենք ռազմական գործողությունների վերսկսման մասին, թյուր կարծիք է առաջանում, որ լինելու է 44-օրյա պատերազմի նման պատերազմ։ Ոչ, հնարավոր է՝ այդ սցենարով չլինի, այլ լինի, օրինակ, հենց այն սցենարով, որը փորձելու է իրականացնել այդ ստորաբաժանումը՝ «բլից-կրիգի» միջոցով գրավել ռազմական նշանակության բարձունքներ, այդ թվում՝ ճանապարհներ, շենք շինություններ։ Այսինքն՝ հիմա երբ ասում ենք՝ ռազմական գործողությունների վերսկսում, հենց սա պետք է նկատի ունենանք։

Հիմա փորձ է արվում Հայաստանին ցույց տալ, որ ստեղծված ստորաբաժանումն իր առջև դրված խնդիրը կատարելու է շատ արագ։ Այս զորավարժության հետ կապված իրենք հայտարարել են, որ նպատակ է դրվել տեղանքին ծանոթանալու, ադապտացվելու և ներդաշնակ գործելու առաջադրանք»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Միաժամանակ ռազմական փորձագետը չբացառեց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկից առաջ Ադրբեջանը գուցե ցույց տա իր «առավելությունները» և հայկական կողմին ստիպի ընդունել իր առաջ քաշած նախապայմանները։

«Ադրբեջանը կգնա այս սցենարով ևս, և այնպես չէ, որ սա երրորդական կամ չորրորդական սցենար է։ Սա Ադրբեջանի առաջնային սցենարն է լինելու»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է այս համատեքստում հայկական կողմի քայլերին, ապա Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանն իր հարաբերությունները պետք է ճշգրտի իր ռազմավարական գործընկերների հետ։

«Մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ գործողություններում մեր ռազմավարական գործընկերներն ինչ գործողություններ են իրականացնելու։ Երկրորդ հերթին՝ զինված ուժերում իրականացնել բարեփոխումներ, որոնց մեկնարկը տրված է, այն պետք է չթողնեն թղթի վրա և վերջնակետին հասցնեն։ Այդ բարեփոխումները չեն կարող երկար սպասել, այլ պետք է մտնեն բուն գործողությունների մեջ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս