«Հասարակության համբերության բաժակը լցվում է. մոտենում է ընդվզման պահը». Ելենա Կիրակոսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները վարում են հակասոցիալական քաղաքականություն:

«Բավական է նայել բյուջեի այն նախագիծը, որը բերել էր իշխանությունը 2022թ. համար, որտեղ սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները մոտ 18 տոկոսով կրճատված էին: Մեր կողմից հնչեցված բոլոր հակափաստարկներին ի պատասխան՝ իշխանություններն ասում էին՝ չէ՞ որ մինիմալ նպաստների և կենսաթոշակների չափը բարձրացվել է 2000 դրամով: Ես ուղղակի ուզում եմ կոչ անել իշխանության ներկայացուցիչներին՝ բավական է մատնանշել այն գումարը, որը ոչ մի կերպ չի փոխում մեր քաղաքացիների կյանքը: 2000 դրամից մեր քաղաքացիների կյանքը չի փոխվել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ գնաճը շարունակում է նույն տեմպերով ավելանալ. «Մենք տարին փակեցինք 9.6 տոկոս գնաճի ցուցանիշով, և ոչ այդքան լավ դրական կանխատեսումներով՝ այս տարվա գնաճի հետ կապված: Դրան գումարվեց կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը: Կոմունալ սակագների բարձրացումը ոչ միայն հավելյալ բեռ դարձավ քաղաքացիների համար, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս ավելի շատ պետք է վճարենք կոմունալ ծառայությունների համար, կոմունալ սակագների բարձրացման արդյունքում՝ հավելյալ գնաճ է տեղի ունենալու: Այսօր արդեն Կենտրոնական բանկի կառավարիչը բարձրաձայնել է այն կանխատեսումները, որ ԿԲ-ն արել է նման թանկացումների արդյունքում, և ըստ այդմ՝ հավելյալ գնաճը հասնելու է 1.5 տոկոսի: Ես կարծում եմ, որ ավելին կլինի, բայց նույնիսկ 1.5 տոկոս հավելյալ գնաճը մեր հասարակությանը բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնեցնելու»:

Նա նկատեց. «Որքան էլ իշխանավորները պնդեն, որ ամեն օր մեր կյանքը լավանում է, օր օրի ավելի լավ ենք ապրում, մեր եկամուտներն ավելանում են, այդպես չէ՝ իրականությունը բոլորովին այլ է: Ոչ մեկի եկամուտները չեն ավելացել. Միգուցե ավելացել են մեր բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները՝ պարգևավճարների հաշվին, բայց սովորական քաղաքացու եկամուտը չի ավելացել, ընդհակառակը՝ թանկացումների արդյունքում նրանց բեռն է ավելացել: Իշխանությունը փորձ էլ չարեց մինիմալ աշխատավարձերի բարձրացման մեր ներկայացրած նախագիծը քննարկման մեջ մտցնել, միգուցե մինիմալ աշխատավարձը 100 հազար չդառնար, այլ չափով բարձրանար, հատկապես, որ կառավարության ծրագրում իրենք ունեն այդ կետը»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ այս պահին միջոցներ չկան, նա արձագանքեց.

«Բայց միջոցներ կան պարգևավճարների, թանկարժեք ճանապարհորդությունների, գործուղումների, թանկարժեք ավետոմեքենաներ վարելու համար: Այստեղ, բնականաբար, քաղաքացու մոտ հարց է ծագում՝ եթե մյուս հարցերի համար միջոցներ կան, ինչո՞ւ ես պետք է տուժեմ»:

Պատգամավորի խոսքով՝ մի շարք պատճառներ կան, թե ինչու թանկացումների դեմ հասարակությունը չի ընդվզում. «Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ վերջերս մեր հասարակությունը բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնվեց. Պատերազմը, հայրենիքի մի մասի հանձնումը, այդքան զոհեր, վիրավորներ, անվտանգային խնդիրները, որոնք մինչ օրս լուծված չեն: Հասարակությունը նման ճգնաժամային վիճակում այս պահին գուցե խուսափում է, ցանկություն չի հայտնում, որոշ մասի մոտ նաև ապատիկ վիճակ կա: Դրա հետ մեկտեղ՝ ցանկացած հասարակության համբերության բաժակն անսպառ չէ, և իմ անձնական կարծիքով՝ այդ բաժակը բավականին լեցուն է, և շատ մոտ է, որպեսզի լցվի և, ի վերջո, ընդվզում բարձրանա ժողովրդի կողմից: Մոտենում է այն պահը, որ հասարակությունն իր բողոքը պետք է հայտնի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս