«Կոկորդիլոսաբույծը նամակ էր գրել, թե բանալին ու կնիքը չեն հանձնում․ Վեդիի 19 համայնքներում նույն քաոսն է տիրում». Ռաֆիկ Անդրեասյան

Տարեսկզբին 168.am-ը գրել էր, որ Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հորդորով, որը հանրությանը հայտնի է  ավելի շատ «կոկորդիլոս» մականվամբ, բերման էին ենթարկել Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին: Այդ ժամանակ միջադեպ էր գրանցվել նաև Անդրեասյանի որդու և ոստիկանների միջև։ «Ոստիկանները զենքով խփել, ջարդել են Ուրցաձորի գյուղապետի որդու և գյուղացիներից մեկի քիթը»,- պատմել էր մեր զրուցակիցը։

Այս միջադեպից հետո Ռաֆիկ Անդրեասյանի որդին կալանավորվեց։

168.am-ն այսօր զրուցել է Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ: Նախ հարցրեցինք, թե արդյո՞ք որդին շարունակում է կալանքի տակ մնալ և միջադեպի ընթացքում ստացած վնասվածքներից հետո ի՞նչ առողջական վիճակ ունի.

«Տղաս դեռ կալանքի տակ է, դատարանը գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունը մերժել է, հիմա դիմել ենք վերաքննիչ դատարան։ Կապ չունի, որ իմ տղան է, ինքը 30-ն անց մարդ է, եթե իր մասին կարծիք եք ուզում, ավելի լավ է՝ ես չասեմ, դուք՝ որպես լրագրող, կարող եք մտնել գյուղ, յուրաքանչյուրից հարցնեք՝ ինչ պահվածք ունի, ինչ դաստիարակություն ունի և ինչքան է կարողացել օգտակար լինել նեղ ապրողներին։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին, գիտեք, որ, թե՛ տղաս, թե՛ ընկերը քթի կոտրվածք ունեին, հիմա երկուսի վիճակն էլ լավ է, մի խոսքով՝ առողջական վիճակը նորմալ է, չի նեղվում ու ասում է՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մեռնում, այնպես որ, չմտածեք, ես ոչ մի վատ բան չեմ արել, պարզապես վթար է եղել։ Վթարի վերաբերյալ էլ, հենց նույն քննչականի մոտ տեսախցիկների տեսագրությունները կան, անճշտությունները կճշտվեն, ու որդուս բաց կթողնեն»։

Անդրադառնալով համայնքապետարանի կնիքն ու բանալին վերցնելու նպատակով ոստիկանության աշխատակիցների՝ իրենց տուն գնալու դեպքին, Անդրեասյանն ասաց, որ դա Գարիկ Սարգսյանի հրահանգով էր եղել․

«Այդ շոուն, որ քրեական գործ էին հարուցել, նույն կոկորդիլոսաբույծը նամակ էր գրել, թե բանալին ու կնիքը չեն հանձնում, և այլն․․․ Նա կարծում է, թե բոլորն իր նման են, որ միայն աթոռն է իրեն հետաքրքրում, մեզ ընդհանրապես աթոռը չի հետաքրքրել, մենք պայքարել ենք, արարել ենք, մեր ժողովրդի համար նպաստավոր պայմաններ ենք ստեղծել համայնքում, արդեն այն հնարավորությունը կա, որ Ուրցաձորը գրեթե քաղաքային պայմաններ ունի, և պատահական չեն ասում, երբ Երևանում դեռ 30 տոկոսը լուսավորված չէր, Ուրցաձորը 100 տոկոսին մոտ լուսավորություն ուներ․․․»։

Ինչ վերաբերում է Որցաձորի համայնքապետարանի աշխատանքին, Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ բոլոր թիմակիցները հետևելով իր հորդորին՝ դիմում են գրել և ազատվել աշխատանքից․

«Հրաժարվեցին որևէ մեկի հետ աշխատել, հատկապես այն մարդու հետ, որ հեկտարը չի տարբերում, խորանարդ մետրը չգիտի ինչ բան է, որ մարզում քարոզում է՝ կոկորդիլոսները ձու են ածում, թռչում են, քարաճիկ ունեն։ Արարատի մարզն այդ տեղը չի, որ նման բաներից խոսեն, պետք է մտածել, որ գյուղացիներին, գյուղատնտեսներին ժամանակին աջակից լինեն, որ մարդիկ իրենց բերքը կարողանան մշակել և նորմալ արժեքով վաճառել։

Զավեշտը գիտե՞ք ինչն է, այդ քրեական գործը՝ ինքնիրավչություն, արդեն կարճվել է, ես այդ փաստաթուղթը ստացել եմ, որ նման բան չկար, Գարիկ Սարգսյանի դիմումի հորդորով էին ոստիկաններն այդ քայլին գնացել, հիմա աշխատակիցները դիմում են գրել, դուրս եկել, նոր աշխատակիցներ են ընդունել, դա իրենց գործն է, բայց զավեշտն այն է, որ Վեդիի քաղաքապետարանի կնիքով մարդկանց ազատում են, նոր մարդիկ են ընդունում, այստեղ արդեն լուրջ իրավական խախտումներ կան, որն անթույլատրելի է։ Միայն Ուրցաձորում չէ, Վեդիի 19 համայնքներում նույն քաոսն է տիրում»։

Հարցին՝ արդյոք Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, քանի որ կարծիքներ կան, որ այս ամենը Գարիկ Սարգսյանը կազմակերպել էր ձեզ ընտրապայքարից դուրս թողնելու համար, քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս ցույց տվեցինք, որ դուք լուրջ մրցակից եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, Ռաֆիկ Անդրեասյան այսպես արձագանքեց․

«Ես անբուժելի հայ եմ, միանշանակ մասնակցելու եմ, նույն «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամները և նաև համակրողները հայրենասեր, համախմբված, արարող, ստեղծող մարդիկ են, ժողովրդի ցավն ու դարդը հասկացող մարդիկ են։ Մենք անպայման մասնակցելու ենք Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ու անպայման հաղթելու ենք, քանի որ մենք անելու ենք այն, ինչն անհրաժեշտ է ժողովրդին։ Մենք միշտ մեզ տված քվեի դիմաց մեր շնորհակալությունը հայտնել ենք միայն ու միայն մեր աշխատանքով, և նույնը շարունակվելու է»։

Տեսանյութեր

Լրահոս