Հարցվածների 28.3 տոկոսը քաղաքապետի պաշտնում կրկին ցանկանում է տեսնել Հայկ Մարությանին
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության շրջանակներում պարզել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը:
«2021 թվականի դեկտեմբերի 16-ին «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը անվստահություն հայտնեց գործող քաղաքապետ Հայկ Մարությանին և այնուհետև պաշտոնանկ արեց նրան. ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը: Լիովին դրական՝ նշել է 3.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 6.9 տոկոսը. այսինքն՝ մոտ 10 տոկոսն է դրական գնահատում այդ իրողությունը: Ավելի շուտ բացասական՝ նշել է 13.4 տոկոսը, և 50.9 տոկոսը նշել է՝ ընդհանրապես բացասական»,- հարցման արդյունքները ներկայացրեց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա նշեց, որ ընկերությունը հետաքրքրվել էր նաև Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին. պարզվել է, որ հարցվածների շուրջ 60 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին:
Իսկ թե ում են ցանկանում տեսնել քաղաքապետի պաշտոնում հարցին ի պատասխան էլ՝ 800 հարցվածների 28.3 տոկոսը նշել է Հայկ Մարությանի անունը, 55.9 տոկոսը դժվարացել է պատասխանել: