«Անկարայից եկող ազդակներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպես են». Արարատ Միրզոյան

Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ օրակարգով են փետրվարի 24-ին Վիեննայում հանդիպում  Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

Արարատ Միրզոյանը նախ պատգամավորին հուշեց, որ հարցի հասցեատերը նրա խորհրդարանական գործընկեր Ռուբեն Ռուբինյանն է, որին ԱԺ-ում ամեն օր տեսնում է և կարող է նրան ուղղել իր հարցը, սակայն անձամբ չի զլանա պատասխանելու հարցին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը կազմակերպել Վիեննայում փետրվարի 24-ին, և մենք հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Ուզում եմ մեկ անգամ էլ կրկնել՝ պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպես են»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի այն հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանը մարտին Անթալիայում կմասնակցի համաժողովի, Արարատ Միրզոյանն ասաց, որ տեղեկացել է, որ թեմայի շուրջ ֆեյսբուքյան տիրույթում կարճատև փոթորիկ է տեղի ունեցել։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ ՀՀ վարչապետի Անթալիայի միջոցառման մասնակցության հարցը չի քննարկվել ու չի քննարկվում։ Կարող եմ, թերևս, ենթադրություն անել, որ որոշակի նրբերանգային, սխալ թարգամանության հետևանք է սա, որովհետև որքանով հասկացա՝ բառացի թարգմանությունը հետևյալն է՝ Հայաստանի վարչապետը դրական ուղերձներ է հղել և ասել, որ կմասնակցի Անթալիային, և նա-ն այստեղ կարող է երկրին վերաբերվել։ Հրավերն ուղարկվել է իմ և Ռուբեն Ռուբինյանի անունով, որոշում չկա և որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս