«Մարդը երեխա է ունեցել, մեծացնում է, տանը երեխայի հետ է աշխատում». Թեժ բանավեճ՝ ավագանու նիստում
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշեց վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։
Երևանի քաղաքապետարանի 08.12.2021 թվականին աշխատակազմի կազմակերպական վարչության կողմից տրված թիվ N05\65հ գրության համաձայն՝ Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։
Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց, որ տիկին Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է շուրջ 20 անգամ, և կա բացակայության օբյեկտիվ պատճառ, որը չեն ներառել նախագիծը ներկայացնելիս: Ավելին, նախնական համաձայնության են եկել, որպեսզի ակտիվություն դրսևորվի, սակայն դա տեղի չի ունեցել:
Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարցրեց. «Որքանով տեղյակ եմ՝ Լուսինեն ֆիզարձակուրդում է գտնվում: Բարոյական և իրավական տեսանկյունից որքանո՞վ եք արդարացված համարում ձեր այս մոտեցումը»:
Արմեն Գալջյանը արձագանքեց. «Չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է բարոյականության դաշտում քննարկել, որովհետև ձեր նշած ֆիզարձակուրդը սովորաբար աշխատանքային հարաբերություններին է վերաբերում: Ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ նիստի պետք է գալ, և չեմ կարծում, որ ֆիզարձակուրդը և որևէ այլ հիմնավորում կարող է արդարացված լինել՝ երկու տարում բացակայությունների այսպիսի պատկեր ունենալու համար: Հետևաբար` այդ դաշտում այս հարցը քննարկելը ճիշտ չեմ համարում»:
Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հասկանում «այդ հարգելի ասվածը». «Մարդը երեխա է ունեցել, մեծացնում է, տանը երեխայի հետ է աշխատում»:
Արմեն Գալջյանը նշեց, որ տեղին չի համարում երեխայի հետ կապված որևէ քննարկում կազմակերպել: Ընդգծեց՝ այդ ժամանակահատվածը հիմք չի ընդունվել այսպիսի նախագիծ ներկայացնելու համար:
Իզաբելլա Աբգարյանն էլ հարցրեց.
«Պարոն Գալջյան, տեղյա՞կ եք, որ մայրությունն ու մանկությունը պաշտպանված են ՀՀ գլխավոր օրենքով, ՀՀ Սահմանադրությամբ: Եվ երկրորդը՝ լրատվականներում հայտնվել էր տեղեկատվություն, որ տիկին Մխոյանին երկընտրանք էր առաջարկվել՝ կա՛մ միանալ ստորագրահավաքին՝ պահանջելով Հայկ Մարությանի իմպիչմենտը, կա՛մ կդրվի իր բացակայությունների հարցը, անվստահություն կհայտնեն: Եթե միանար ստորագրահավաքին՝ այս հարցը բերելո՞ւ էիք»:
Արմեն Գալջյանը հորդորեց չշահարկել մայրության հանգամանքը: Նա շեշտեց՝ ասել են, որ կա բացակայությունների շեմ, և այն հատվել է:
Իզաբելլա Աբգարյանը արձագանքեց՝ ասելով. «Շանտաժը պոզով-պոչով չի լինում: Եթե մարդուն երկընտրանք է առաջարկվում, դա հենց շանտաժն է»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հակադարձեց Իզաբելլա Աբգարյանին՝ նշելով.
«Այսինքն, երբ Գրիգոր Երիցյանն իր մանդատը վայր դրեց՝ լավ է, կին չէր, թե չէ կասեք՝ կին էր, դրա համար ստիպեցին, որ վայր դնի, կամ նման բան: Ինձ համար տհաճ են այս խոսակցությունները, որովհետև ոչ մի տրամաբանություն չկա՝ ասելու, որ՝ գիտեք, կին է, ֆիզարձակուրդում է, դրա համար են լիազորությունները դադարեցվում: Կարծում եմ՝ տիկին Մխոյանը, դիտելով ձեր ելույթը՝ այնքան էլ ոգևորված չէ, որ այդ հանգամանքն այդքան շեշտվեց: Ավագանու անդամը, վստահ եմ՝ ցանկություն ունենար գալու՝ կգար: Դուք այստեղ եկել, անընդհատ Մարությանի շահերն եք ներկայացնում: Ամեն ինչ փորձում եք անել, որ ցույց տաք, թե ինչքան լավ էր Մարությանի ժամանակ: Այնքան վնաս, ինչքան ՏԻՄ-ին հասցրեց Մարությանը, դժվար է գնահատել»: