«Ես իմ վիրահատարանի գահից իջել, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռին միայն մի նպատակով». Արմեն Չարչյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ իր նկատմամբ, բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվել է 2 փաստաթղթով։ Առաջինը՝ Սահմանադրական դատարանի որոշումն էր, որ իրավապահներն իրավունք չունեին իրեն՝ որպես ԱԺ պատգամավոր, կալանավորելու։
«Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմանը։ Ահա այն հակիրճ գնահատականը, որը կարող եմ տալ։
Հիմա նկատելիորեն առողջական վիճակս բարելավվել է, արդեն կարող եմ անցնել աշխատանքի ու գալ ԱԺ, միևնույն ժամանակ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով։ Իմ աշխատանքային առաջնահերթությունը բժշկությունն է, բայց որպես ԱԺ պատգամավոր՝ իրավունք ունեմ զբաղվել բժշկության մեջ միայն գիտական ու կրթական գործունեությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանը։
Նրա խոսքով՝ իր քաղաքական դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել, քաղաքական ուղղվածությունն ու մտածելակերպն այս ընթացքում որևէ կերպ չեն փոխվել։
«Այդ կալանավորումը իմ քաղաքական հայացքների, հոգեկան իրավիճակի վրա չի ազդել»,- հավելեց Արմեն Չարչյանը։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ իշխանություններն իրեն ստիպում են, որպեսզի վայր դնի մանդատը, Արմեն Չարչյանը նկատեց՝ իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի, ո՛չ էլ քողարկված որևէ առնչություն չի ունեցել։
«Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ այդ ուղղությամբ, այդ ամենը լրիվ մտացածին հերյուրանքներ են։ Ես այդ լուրերին պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով՝ իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
Իմ երազանքն է՝ վերադառնալ իմ վիրահատարան, ես իմ վիրահատարանի գահից իջել, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռին միայն մի նպատակով, որպեսզի առավել բարեկեցիկ, լավ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենամ»,- եզրափակեց Արմեն Չարչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում