«Մարդկանց հիշողությունը հավի հիշողություն չէ»
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա նշում է նախագահական ընտրություններում չմասնակցելու գործոնները, ասաց. «Ռոբերտ Քոչարյանի և քաղաքականության միջև պիկը առաջացել է Մարտի 1-ի ոճրագործությամբ: Եվ չի կարող լինել այն արգումենտը, որ նրան քաղաքականություն կվերադարձնի: Մարդկանց հիշողությունը հավի հիշողություն չէ»: Ըստ նրա` հարցազրույցում նշված մանրածախ քաղաքական առևտուրը վերաբերում է նախագահական ընտրություններին ստեղծված իրավիճակին: «Նայեք` թեկնածուների շարքը, ուղիղ մանրածախ առևտուր է»,- ասաց Գ. Եղիազարյանը: Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում 8 թեկնածուների առաջադրման հանգամանքը, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Պետք է, չէ՞, ժողովրդավարության պատրաստ լինենք: Չնայած Սերժ Սարգսյանը դրա կարիքը չունի չունի: Իսկ մնացած թեկնածուները պայքարում են 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերի համար: Թող պայքարեն, ի՞նչ է եղել»: Իսկ հարցին, թե ընդհանրապես, հնարավոր համարո՞ւմ է Ռ. Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չեմ համարում, քանի որ 5 տարի առաջ ուղղակի եղավ ռազմական հեղաշրջում, իսկ ինքը ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից մեկն էր, եթե ոչ գլխավոր կազմակերպիչը»: