«Չեմ հասկանում հայելային հետքաշման գաղափարը․ հետ են բերում, մի տեղում հավաքեն, որ միագամից պայթեցնեն մեզ, պրծնե՞նք». Արարատ Աղաբեկյան

Թեև Սյունիքի մարզում բնակիչները չեն փորձում իշխանությունների գործողություններում որևէ տրամաբանություն փնտրել՝ համարելով, որ նրանց բոլոր քայլերն անտրամաբանական են, սակայն նրանց զայրացրել է իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած՝ Սյունիքի մարզում Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման գաղափարը։ Ըստ նրանց, իշխանություններն առհասարակ մտածե՞լ են, թե, օրինակ, եթե հայկական զորքը հետ է քաշվում, որտե՞ղ է տեղակայվում՝ գյուղերի կամ համայնքների կենտրոնո՞ւմ։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, ասաց, որ իշխանությունների կողմից առաջ քաշած հայելային հետքաշման գաղափարը խայտառակ գաղափար է։

«Իրականում թշնամին որքան հետ գնա, կորցնելու բան չունի, իսկ մենք երբ նույնիսկ 1 մետր հետ ենք գալիս, դա մեր կողմից կրկին տարածքների կորուստ է, 1 կիլոմետրի մասին չեմ խոսում, այլ 1 մետրի։ Մեր հարևան Վահանի բոստանը, որը կար, այսօր կեսն է, հողը կիսվել է, հիմա ո՞ւր են հայելային հետքաշում անում։ Այսօր 1 մետր տարածքն էլ մեզ համար նշանակություն ունի, հայելային հետքաշումը, ներեցեք, բայց մի անասուն կարգավիճակ կլինի մեզ համար։ Թուրքը եկավ՝ մեր գյուղի կեսը վերցրեց, դեռ բավական չէր, մի բան էլ այլ տարածքներ վերցրեց»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։

Հիշեցնելով ՄԻՊ Արման Թաթոյանի բազմաթիվ հայտարարություններն ու հրապարակումները՝ նա նկատեց՝ ՄԻՊ-ը մեկ տարուց ավելի է՝ հայտարարում է, որ GPS-ով սահման չեն որոշում, դա «ֆալշ» է, ակնհայտ մարդու իրավունքների խախտում է և այլն, սակայն նրա հայտարարություններին իշխանություններն ուշադրություն չդարձրեցին և թույլ տվեցին, որ GPS-ով թշնամին ներխուժի Սև լճի տարածք և դիրքավորվի։

«Թշնամին եկավ իր գծած քարտեզներով ու GPS-ով, այսինքն՝ երբ նրան պետք է՝ GPS է խաղացնում, երբ պետք է՝ քարտեզ։ Այսօր մեր չորս կողմում թշնամու հենակետերն են, մենք «զասադային»՝ ծուղակային իրավիճակում ենք։ Պարզ ասած՝ մեզ թիկունք չունենք, ես քանի պատերազմի եմ մասնակցել, բոլորին էլ, իմ ընտանիքին էլ հանգիստ խղճով թողել եմ թիկունքում ու գնացել եմ կռվելու, հիմա ինձ ցույց տվեք՝ ո՞րն է իմ թիկունքը, որ շրջվեմ ու թուրքի հենակետ չտեսնեմ։ Հիմա այս պայմաններում չեմ հասկանում հայելային հետքաշման գաղափարը, հետ են բերում, մի տեղում հավաքեն, որ միագամից պայթեցնեն մեզ, պրծնե՞նք։ Ինձ համար սա անընդունելի է, սրանից ավելի մենք գնալու տեղ չունենք։ Ըստ իշխանությունների տրամաբանության ու հայելային հետքաշման՝ մեր պետական սահմանը գալու է հասնի մինչև Տաթևի վանք։ Սա լավ բանի չի տանում, այս իշխանությունները երբեք դարձի չեն գա, ու եթե երկրիս վիճակն այսպես էլ մնա, էլի գոհ կլինեմ, ամեն վայրկյան մի պիղծ ու դավադիր բան տեղի է ունենում երկրի հետ, տանում են կործանման»,- հավելեց Ա. Աղաբեկյանը։

Նա նաև ընդգծեց, որ որևէ իշխանություն իր երկիրն ու ժողովրդին նման անկման չի տարել, ինչպես այսօր անում են ՀՀ իշխանությունները։ Հայոց պատմության մեջ շատ են եղել դավաճանական դեպքեր, բայց, օրինակ, թագավորին մոտ կանգնած մարդիկ են փորձել թունավորել թագավորին ու թշնամուն հանձնել բերդի բանալիները, սակայն այսօր ՀՀ-ում իշխանություններն են իրենց ձեռքով բերդի բանալիները հանձնում թշնամուն։

«Սա հազարամյակների ընթացքում միակ դեպքն է, երբ թագավորն է դարպասները բացում թշնամու առջև և նրան ներս հրավիրում։ Ես սրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակեց Արարատ Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի մայիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում առաջ քաշեց զորքերի հայելային հետքաշման գաղափարը, սա՝ այն դեպքում, երբ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և զբաղեցրել տարբեր դիրքեր։ Մինչ օրս նրանք շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։

Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս գաղափարին որևէ արձագանք չեղավ թշնամու կողմից։

Տեսանյութեր

Լրահոս