Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհներին իրականացվում են ձյան մաքրման և լայնացման աշխատանքներ
Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում տեղացած թույլ ձյան եւ բքերի պատճառով տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է առաջացել որոշակի ճանապարհահատվածներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, տեղացած ձյան եւ բքերի պատճառով վերջին օրերին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիս-Այրք, Խաչաղբյուր-Գեղաքար, Ծովակ-Ախպրաձոր, Ճամբարակ-Աղբերք ուղղություններում, ինչը հաղթահարվել է ճանապարհների մաքրման եւ լայնացման աշխատաքնների արդյունքում։ «Հունվարի 31-ի առավոտվա դրությամբ մարզում բքի պատճառով փակ է մնում Վարդենյաց լեռնանցքը, որի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մնացած բոլոր ճանապարհները բաց են ու երթեւեկելի, հիմնականում՝ մերկասառույցից ու ձյան շերտից ազատված։ Լեռնային կամ բարձրլեռնային մի շարք բնակավայրերում դժվարանցանելի վիճակ առաջացել է բքերի պատճառով, բայց ձյան կուտակումները ժամանակին հեռացվել են սպասարկող կազմակերպությունների կողմից։ Օրվա ընթացքում եւս բքերի դեպքեր արձանագրվում են, սակայն ճանապարհների անցանելիությունը հաջողվում է ապահովել»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան