Արգենտինան Sputnik V պատվաստանյութը չհաստատելը սխալ է համարում
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը սխալ է համարել մի շարք եվրոպական երկրների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութը չհաստատելը։
«Կարծում եմ՝ սա (Sputnik V պատվաստանյութը չհաստատելը) Եվրոպայի սխալն է, որը թելադրված է աշխարհաքաղաքական նկատառումներով, քանի որ մենք ունենք դեղերի և պատվաստանյութերի վերահսկման և հաստատման մարմին, որն ամենաորակյալներից է աշխարհում… Ես գիտեմ, որ այդ մարմինը շատ պահանջկոտ լինելով՝ հավանություն է տվել պատվաստանյութին, ուստի, ես բացատրություն չունեմ, թե ինչու է այդքան երկար տևում Եվրոպայում»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովստի»-ին, RT-ին տված հարցազրույցում այս մասին ասել է նախագահը ։
Նա ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութի արդյունավետության մասին խոսել է եվրոպացի առաջնորդների և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:
Ավելի վաղ Արգենտինայի նախագահական վարչակազմի ներկայացուցիչը «ՌԻԱ նովստի»-ին հայտնել էր, որ Ֆերնանդեսն ակնկալում է փետրվարի 3-ին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
2021 թվականի մարտի 4-ից Sputnik V-ն աստիճանական փորձաքննության ընթացակարգ է անցնում Եվրոպական դեղամիջոցների գործակալությունում, որը հաստատում է դեղերը Եվրոպական միությունում կենտրոնացված օգտագործման համար։