Tesla-ն հրաժարվում է էլեկտրամոբիլների նոր մոդելներ թողարկել 2022 թվականին
Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 10%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ 2022 թվականին չի ներկայացնի էլեկտրական մեքենաների նոր մոդելներ, այդ թվում՝ 25000 դոլար արժողությամբ էլեկտրական մեքենայի բյուջետային տարբերակը: Արտադրողը նաև հայտնել է, որ հետաձգում է Cybertruck էլեկտրական պիկապի սերիական արտադրությունը: Tesla-ի մեկ բաժնետոմսի գինը երեկ կեսգիշերին կազմում էր 843 դոլարի։
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հրապարակել է իր 2021 թվականի չորրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվությունը։ Ընկերության եկամուտն աճել է 65%-ով (17,7 մլրդ դոլար) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արտադրողը 15,97 մլրդ դոլար է վաստակել էլեկտրական մեքենաների վաճառքից, ինչը 71%-ով ավելի է, քան 2020 թվականի չորրորդ եռամսյակում։
Մասկը խոստովանում է, որ Tesla-ն դեռևս պայքարում է չիպերի պակասի դեմ, որը կշարունակվի մինչև 2022 թվականը: Մասկը ներդրողներին ասել է, որ ընկերությունը հետաձգում է Cybertruck-ի սերիական արտադրությունը, որը ներկայացվել է 2019 թվականին, և Semi էլեկտրական բեռնատարը, որը ներկայացվել է 2017 թվականին: Ընկերության ղեկավարը նշել է, որ էլեկտրական մեքենաների նոր մոդելների թողարկումն իմաստ չունի, քանի որ Tesla-ն սահմանափակ է բաղադրիչների քանակով։
2022 թվականին ընկերությունը կկենտրոնանա իր գործարաններում արտադրությունն ընդլայնելու և «Լրիվ ինքնակառավարման» տեխնոլոգիայի կատարելագործման վրա: Մասկը նշում է, որ ինքնակառավարման տեխնոլոգիան պետք է կատարելագործվի՝ թույլ տալով ընկերությանը հասնել վաճառքի բարձր մակարդակի՝ Tesla-ի նոր մոդելներ ավելացնելիս:
Այս տարի Tesla-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Optimus մարդանման ռոբոտների արտադրությանը, ներդրողներին վստահեցրել է Մասկը։ Նրա խոսքով՝ նրանց օգնությամբ Tesla-ն կկարողանա լուծել ԱՄՆ-ում աշխատուժի պակասի խնդիրը։ Ապագայում այս ուղղությունն ավելի նշանակալից կդառնա, քան էլեկտրական մեքենաների արտադրությունը, վստահ է Մասկը։
Deutsche Bank-ի վերլուծաբան Էմանուել Ռոսներն ասում է, որ մարտկոցների տեխնոլոգիան, արտադրական հզորությունը և արժեքը կարագացնեն զանգվածային անցումը էլեկտրական մեքենաների և կբարելավեն ընկերության դիրքերն այս ոլորտում: Goldman Sachs-ի փորձագետ Մարկ Դելեյնին նշում է, որ Tesla-ն շարունակում է մնալ ամենաարագ զարգացող ընկերությունն ավտոմոբիլային հատվածում։ Նա չի բացառում, որ Tesla-ն երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավտոպիլոտի առաջատարը, քանի որ արտադրողն իր տրամադրության տակ ունի տեխնոլոգիաների և ռեսուրսների լայն շրջանակ։
Ավելի վաղ ավտոարտադրողի կայքից անհետացել էր Cybertruck-ի արտադրության մեկնարկի մասին հաղորդագրությունը 2022 թվականին։ Հետո հասարակությունը ենթադրում էր, որ ընկերությունը կհետաձգի էլեկտրական պիկապ բեռնատարի զանգվածային արտադրությունը, ինչը հետագայում հաստատվեց։
Սիրարփի Աղաբաբյան