Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ հանդես է եկել օրհնության խոսքով.

«Պարոնայք սպաներ, զինվորներ, գնդերեցներ և սիրելի ազատամարտիկներ,

Հանուն Արցախի թեմի ողջ հոգևոր դասի մեր շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման 30-րդ հոբելյանի առթիվ:

Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման: Այն կազմավորվեց Արցախյան ազատագրական պատերազմի կրակների մեջ և դարձավ հայոց անկախ պետականության պատվարը: Հաղթանակներով ստեղծված բանակը 2020 թ.-ին ենթարկվեց անհավասար ծանր փորձության և կրեց բազում զրկանքներ, բայց իրատես լինելով, պետք է արձանագրենք, որ մեր բանակը ուժերի ներածին չափով դիմագրավեց նենգ թշնամուն, որով կանխեց մեր ժողովրդի հերթական ցեղասպանությունը: Մենք բոլորս ականատես եղանք քաջության ու սխրանքի բազում նոր դեպքերի: Ի թիվս քաջարի մեր զինվորների, իրենց անմնացորդ ու նվիրյալ ծառայությունը բերեցին նաև մեր բանակի գնդերեցները, ովքեր թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում եղան իրենց վստահված հոտի կողքին իրենց խոսքով ու գործով:

Բազում են հարցերը, թե ինչու ունեցանք այնպիսի վերջնարդյունք, որպիսին ոչ ոք չէր ցանկանում: Բայց ցանկություններն այլ են, իրականությունը՝ այլ: Իրականությունը այն է, որ այսօրվա պարտությունը արդյունք է շղթայական մանր և մեծ սխալների, ավելի շատ անձնասիրության, քան աստվածասիրության և դրանից ծնվող հայրենասիրության:

Այսօր, երբ նշում ենք Բանակի 30-ամյա հոբելյանը, մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա:

Մեր աղոթքն է, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը, և անձնական շահը ստորադասելու ընդհանուրին: Աղոթում ենք նաև մեր քաջարի նահատակների հոգիների խաղաղության և գերված մեր տղաների շուտափույթ վերադարձի համար:

Աստված օրհնի Հայոց Բանակը»։

Տեսանյութեր

Լրահոս