Արտակ Զաքարյանն ավելի լա՞վ նախագահ կլիներ, քան Սերժ Սարգսյա՞նը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ բանավեճում, ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ ընտրություններ է ակնկալում նախագահական ընտրություններում, ասաց, որ ակնկալում է նույնպիսի ընտրություններ, ինչպիսին խորհրդարանական վերջին ընտրություններն էին:
«Այն մեխանիզմը, որը կիրառել եք վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն Ավանում և Գյումրիում կայացած այն երկու արտահերթ ընտրություններում, ցույց է տալիս, որ դուք արդեն այդ փորձն անցկացրել եք: Այսինքն, տեսեք` ինչ է ստացվում, այսօր ցանկացած մարդ, ում դուք որոշեք, որ պետք է լինի ՀՀ նախագահ, կդառնա ՀՀ նախագահ: Սերժ Սարգսյանը չլիներ, ենթադրենք` Ձեր թեկնածությունն առաջադրեին… Դուք հլը վատագույններից չեք,- ասաց Հովհաննես Իգիթյանը ժպտալով,- Ենթադրենք` օլիգարխներից մեկին վերցնեին կամ փողոցից կամ Ադրբեջանից մեկին վերցնեիք, կսարքեիք նախագահ»:
Իսկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին չհամաձայնվեց Հովհաննես Իգիթյանի նման ձևակերպման հետ, թե ՀՀԿ-ն ցանկացած մարդու կարող է դարձնել ՀՀ նախագահ, այն անվանելով «հեքիաթային»: