Բայդենը «շան որդի» է անվանել Fox News-ի լրագրողին՝ գնաճի մասին հարցի համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն, ըստ երեւույթին, չիմանալով, որ իր միկրոֆոնը միացված է եղել, Fox News հեռուստաալիքի թղթակցին «շան որդի» է անվանել այն բանից հետո, երբ նա փորձել է իրեն հարց տալ գնաճի մասին:
Միջադեպը հայտնվել է Սպիտակ տանն իր տնտեսական խորհրդականների հետ պետության ղեկավարի հանդիպման հեռարձակման մեջ, որը վարել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները:
Հանդիպումից առաջ լրագրողներն սկսել են Բայդենին հարցնել Ուկրաինայի շուրջ իրադրության մասին: Նախագահը գանգատվել Է, որ իրեն հարցնում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասին, այլ ոչ թե երկրում գների նվազման մասին, որն ինքը մտադրվել էր քննարկել օգնականների հետ:
Այդ ժամանակ Fox News-ի թղթակից Փիտեր Դուսին ԱՄՆ-ի ղեկավարին հարցրել է. «Դուք կպատասխանե՞ք արդյոք գնաճի մասին հարցերին: Դուք կարծո՞ւմ եք արդյոք, որ գնաճը քաղաքական պատասխանատվություն է միջանկյալ ընտրություններում (Կոնգրեսի ընտրություններում, որոնք պետք է կայանան այս տարվա վերջին։– ծանոթ. խմբ.)»:
Դրանից հետո լրագրողներին սկսել են դուրս հանել շենքից խորհրդակցություն անցկացնելու համար:
«Դա մեծ արժեք է: Ավելի շատ գնաճ: Ի՜նչ տխմար շան որդի է»,- հեգնանքով պատասխանել է Բայդենը, երբ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները հեռանում էին սրահից, համարելով, հավանաբար, թե իր միկրոֆոնն անջատված է: Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել միջադեպը:
Ինչպես ավելի ուշ հաղորդել է հեռուստաալիքը, Բայդենն անձամբ զանգահարել է Դուսիին, ստեղծված իրավիճակը հարթելու համար: Թղթակցի հետ զրույցի ընթացքում նա ասել է, որ իր դիտողությունը «որեէ անձական բան չի եղել», եւ լրագրողին կոչ է արել շարունակելու առաջադրել հարցեր, որոնք տարբերվում են իր գործընկերների տված հարցերից:
Դուսին Fox News հեռուստաալիքից, որը ժողովրդականություն է վայելում պահպանողական հայացքների կողմնակիցների շրջանում, հաճախ սուր հարցեր է ուղղում դեմոկրատ նախագահին եւ նրա մամուլի քարտուղար Ջեն Փսակիին:
Անցյալ տարի ԱՄՆ-ում գնաճը հասել է ռեկորդային մեծությունների գրեթե 40 տարվա ընթարքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: