«Ես էլ Ձեզ պես հարց եմ տալիս՝ որտեղի՞ց կարող եմ ես 4 միլիոն դոլար փող ունենալ». Արթուր Մանուկյան

ՀՌԱՀ նորընտիր անդամ, նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց «Հայտարարագրերի ռեեստրում» տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե 2020 թվականին հայտարարագրել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր նախկին պատգամավորի հայտարարագրին՝ մասնավորապես նշելով.

«Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից:

Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում միանագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը՝ 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել»:

Իր պարզաբանմանը ծանոթանալու մեր առաջարկին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանն արձագանքեց.

«Էդ որ ես դոլարային միլիոնատեր ե՞մ»։

Ապա մանրամասնեց. «Ես 2019 թ. Երևանի Զեյթուն թաղամասում վաճառել եմ իմ հայրական երեքսենյականոց տունը, գնել եմ 42 քմ մեկսենյականոց չնորոգված տուն 8-րդ Մասիվում և երկու հողատարածք Պտղնիում»:

Հարցին, թե որտեղի՞ց է այդ 4 միլիոնը հայտնվել ռեեստրում, ՀՌԱՀ անդամը հարցով պատասխանեց. «Ես էլ Ձեզ պես հարց եմ տալիս՝ որտեղի՞ց կարող եմ ես 4 միլիոն դոլար փող ունենալ»:

Ի պատասխան ճշգրտմանը, թե չի՞ փորձել արդյոք պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, նա նշեց, որ նախկին օգնականին խնդրել է զբաղվել այդ հարցով:

Արթուր Մանուկյանը հավելեց, որ նոր ձեռք բերած բնակարանները սարքված չեն, և ինքը վարձով է ապրում. «Երեք միլիոն դոլար ունեցող մարդը վարձո՞վ է ապրում:

Խնդրել եմ իմ նախկին օգնականին, որն այդ հարցերը կարգավորում էր… Չգիտեմ՝ էդ թիվն էլ որտեղից.  3 միլիոն դրամ էլ չեմ ունեցել հաշվին: 62.000 դոլարով վաճառել եմ Զեյթունի իմ տունը, հետո հանել եմ գումարներ, սա փաստաթղթավորված է, 19․000 դոլարով գնել եմ մեկսենյականոցի չափ 8-րդ Մասիվում և կիսակառույց տուն Պտղնիում, որը պետք է կառուցել դեռ (երկու հողակտորներ են, որ իրար միացրած են): Ես իրավունք ունե՞մ իմ հայրական տունը ծախել և էդ փողը տնօրինեմ»:

Տեսանյութեր

Լրահոս