«Գուցե կանխատեսելի էր, պետք է հասկանանք, թե ինքը Հայաստանի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել». Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանությամբ՝ երբ Արմեն Սարգսյանը ստանձնում էր ՀՀ նախագահի պաշտոնը,  գիտեր, թե Սահմանադրությամբ ինչ   իրավունքներ և լիազրություններ ուներ, ուստի հիմա,  երբ անցել է 4  տարի, այլ բան ասելը տեղին չէ:

«Մինչև պաշտոնը ստանձնելը, նա պետք է ծանոթանար Սահմանադրությանը: Ես չեմ մտածել այն մասին, հասկանալու համար, թե նրա հրաժարականն ինձ համար անակնկա՞լ էր, թե՞ ոչ, բայց գուցե կանխատեսելի էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը:

Ինչ վերաբերում է համացանցում տարածվող տարբեր կարծիքներին ու մեկնաբանություններին, թե  գուցե Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ճնշումների պատճառով, Խաչատուր Սուքիասյանը շեշտեց, որ ճնշումները բացառում է:

«Հնարավոր է, իմ ունեցած տեղեկություններով, կամ որքանով ես եմ այս ժամանակահատվածում պատկերացրել, կարծում եմ՝ հրաժարականը կապված է իր անձի հետ, անձի տեսակի հետ: Պետք է հասկանանք, թե ինքը Հայաստանի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել»,- շեշտեց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ կասկածի տակ է դնում Արմեն Սարգսյանի ազնվությունն ու հայրենասիրությունը, պատգամավորը պատասխանեց՝ ոչ միայն հայրենասիրությունն ու ազնվությունը:

«Մենք պետք է ուսումնասիրենք առհասարակ ցանկացած մարդու կապիտալը, թե որտեղ է գտնվում: Եթե հայ մարդն իր կապիտալի 90  տոկոսն ունենում է  այլ երկրում, ես պետք է հասկանամ, թե Հայաստանին ինչ աստիճան է սիրում ու վստահում: Ես Ձեզ ասում եմ, գնացեք հանեք, թե Հայաստանն այդ ինստիտուտի համար 4 տարվա մեջ որքան ծախս է արել, և ուզում եմ իմանալ, այդ ծախսերի մեկ տոկոսն օգուտ տվե՞լ է Հայաստանին, թե՞ ոչ: Այդ ինստիտուտը Սահմանադրությամբ ամրագրված ինստիտուտ է, հիմա ես ի՞նչ պետք է անեմ»,- ընդգծեց Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս