Երբ, ով և ինչպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու. մանրամասնում է սահմանադրագետը

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, և դրա  հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված. հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանի՝ հունվարի 23-ին Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականից հետո` մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը 168.amի հետ զրույցում մանարամասնեց՝ երբ, ով և ինչպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու:

«Նախագահի հրաժարականից հետո Սահմանադրությունն ամրագրում է՝ ոչ շուտ, քան 25, և  ոչ ուշ, քան 35 օրվա ընթացքում պետք է տեղի ունենա նոր նախագահի ընտրություն: Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել այն անձը, ում 40 տարին լրացել է, վերջին 6 տարում համարվում է միայն ՀՀ քաղաքացի և վերջին 6 տարում մշտապես բնակվում է ՀՀ տարածքում:

Նախագահի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունի Ազգային ժողովի  1/4-ը:  Այսինքն, տեսականորեն, 4 թեկնածու կարող է լինել. ըստ էության, ընդդիմությունը կարող է իր թեկնածուին առաջադրել:

Նախագահն առաջին փուլով ընտրված է համարում, եթե ձայների 3/4-ը հավաքի»,- ասաց սահմանադրագետը:

Այդուհանդերձ, առկա քաղաքական իրավիճակում Վարդան Այվազյանը հավանական չի համարում առաջին փուլով նախագահի ընտրությունը և ներկայացնում է մյուս փուլերով ընտրության կարգը:

«Երկրորդ փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 3/5-ը, իսկ եթե 3/5-ը չկա, երրորդ փուլում արդեն շատ ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուներն են մասնակցելու միայն. նրանցից պահանջվում է արդեն ընդհանուր ձայների թվի մեծամասնությունը, այսինքն՝ ԱԺ-ի կեսից ավելիով»,- եզրափակեց մասնագետը:

Նկատենք՝ ըստ Սահմանադրության՝  եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նախագահի նոր ընտրություն` նույն փուլերով։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 126 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահի հրաժարականի պահից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օրվա ընթացքում պետք է անցկացվի նոր ընտրություն:

Հիշեցնենք նաև՝ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018թ. ապրիլին՝ յոթ տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս