Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) և Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանքի տակ. ազատ կարձակվի միայն Համբարյանը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօ հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:
Դատարանը որոշեց, որ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) և մյուսները կմնան կալանքի տակ, իսկ Արտյոմ Համբարյանն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Նախկին նախարարի համար երաշխավորություն էին ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
Հրթիռների գործով անցնող կալանավորված մյուս մեղադրյալների պաշտպանները միջնորդել էին կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ, իսկ գրավի չափն էլ թողնվել էր դատարանի հայեցողությանը։
Նշենք, որ այս գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը: