«Զարուհի Փոստանջյանը մարդասպանների փաստաբանն է եղել». Մատաղիսի գործ (տեսանյութ)

«Զարուհի Փոստանջյանը մարդասպանների փաստաբանն է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց 2003 թ. Մատաղիսում սպանված զինվորներից մեկի` Ռոման Եղիազարյանի հորեղբայրը` Արթուր Եղիազարյան:

«Հեսա մայրը կասի, թե Զարուհի Փոստանջյանն ում է ուղարկել մեր գյուղ, Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ավելացրեց նա: Զարուհի Փոստանջյանին «մարդասպաններին» պաշտպանելու մեջ մեղադրեց նաև Ռոման Եղիազարյանի հորաքույրը, ով նույնպես ներկա էր մամլո ասուլիսին: «Այդ նույն Զարուհի Փոստանջյանի մազերը ես Ղարաբաղում պետք ա պռճկած լինեի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի, դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ երկու զինծառայողներ՝ Ռոման Եզիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը, դուրս են եկել զորամասից: Հունվարին նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ: 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի գործով 2005 թվականի մայիսի 13-ին Սյունիքի մարզի դատարանը իրենց ծառայակիցների սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտեց Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին:

2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխեց ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: Սակայն 2012 թ. դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին:

Կարդացեք նաև

Սակայն ասուլիսում Ռոման Եղիազարյանի հորեղբայրը հայտարարեց, որ համոզված է, որ մարդասպանները այդ երեքն են, ում արդարացրել  Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը: Նա նշեց, որ պահանջում է արդարություն: Արթուր Եղիազարյանն իր հետ բերել էր սպանության գործով հարցաքննության մի տեսագրություն և նշեց, որ այդ տեսագրությունը դիտելուց հետո պարզ կդառնա, որ Ռազմիկ Սարգսյանին, ում խոստովանության վրա էր հիմնված նրանց մեղադրական գործը, քննիչ Արմեն Հակոբյանը խոշտանգումների չի ենթարկել և չի ստիպել կեղծ խոստովանություն տալ:

«Դաժե Ռազմիկ Սարգսյանը կեսից պապիրոս ա ուզում քննիչ Հակոբյան Արմենից ու պատմելով ասում ա, թե ոնց ա սպանել երեխային»:

Ասուլիսի ընթացքում էլ ավելի հետաքրքրական բացահայտումներ եղան: Սպանված Ռոման Եղիազարյանի մայրը` Գոհարը, ասաց, որ իրենց տուն է եկել ոմն Վաչիկ` առաջարկելով համաձայնության գալ գործի վերաբերյալ: «Ուզում էին, որ ես իմ երեխու անունը ծախեի: Թիվ չի հնչել: Ասաց գանք համաձայնության, գործն էղել էղել ա, արեք էնենց էնենք, որ էրեխա են էլի… ես էլ ասի` դուրս արի իմ տնից, եթե ուզում ես մարմինդ ողջ մնա, դուրս արի իմ տնից, ես իմ էրեխու արյունը չեմ ծախի»,- ասաց տիկին Գոհարը:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ստացվում է, որ մյուս տուժածի ծնողը ծախվե՞լ է, ինչին ի պատասխան Արթուր Եղիազարյանն ասաց. «Մենք չենք տեսել, բայց էս ամբողջ հիմնավոր փաստարկները ցույց են տալիս, որ 1000 տոկոսանոց»:

Տեսանյութեր

Լրահոս