ՔՊ-ի առաջադրած ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանը կենսագրությունը կեղծել է. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  առաջադրած թեկնածու Արթուր Մանուկյանի կենսագրությունում տեղ գտած անհապատասխանություններին:

«Երբ ուսումնասիրում էի Արթուր Մանուկյանի կենսագրությունը, կարծեմ ՔՊ-ի հիմնադիրներից է եղել, հանրությանը նաև հայտնի է նրանով, որ վերջին երեք տարիներին ԱԺ պատգամավոր էր: Կարծում էի, որ ՔՊ-ն այնպիսի թեկնածու է առաջադրել, որը հեռուստատեսության, ռադիոյի կողմից հեղինակություն ունեցող անձ պետք է լինի: Այսպիսով՝ պրպտեցի ու տեսա, որ պարոն Մանուկյանը երկու կենսագրություն ունի: Մի կենսագրությունը զետեղված է ԱԺ  կայքում, մյուսը՝ աշխատանքային գրքույկից քաղվածք է: Օրինակ՝ 1996-2002 թվականներին ներկայացրել է, որ ինքն աշխատել է «Ա1պլյուս» հեռուստաընկերությունում, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթունի գործազրկության կենտրոնում գրանցված է եղել՝ որպես գործազուրկ, և ստացել է գործազրկության նպաստ»,- նշեց Լիլիթ Գալստյան:

Եվս մի քանի փաստ ներկայացնելուց հետո Լիլիթ Գալստյանը դրանք որակեց  ուղղակի դիսոնանս, իսկ  օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում երկու կենսագրություն զետեղելը՝ ուղղակի քաղաքական մեծամասնության թողտվությամբ կատարված անթույլատրելի  քայլ:

 

Տեսանյութեր

Լրահոս