Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը ռազմածովային վարժանքներ են անցկացրել Արաբական ծովում
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի մարտանավերը Արաբական ծովում “CHIRU-2022” ռազմածովային վարժանքների ընթացքում կատարելագործել են փրկություն կազմակերպելը ծովում եւ ծովահենությանը հակազդելը: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ընդամենը երեք նավատորմից ներգրավել են 14 մարտանավեր եւ օգնական նավեր»,-հայտնել են Ռուսաստանի զինվորականները: Գերատեսչությունում հայտարարել են, որ ռուսական կողմից դրան մասնակցել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի ջոկատը՝ «Վարյագ» հրթիռային հածանավի, «Ծովակալ Տրիբուց» մեծ հակասուզանավային նավի եւ «Բորիս Բուտոմա» մեծ ծովային լցանավի կազմով:
«Գործնական գործողությունների ընթացքում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերը չինական եւ իրանական ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հետ համատեղ հրետանային հրաձգություններ են կատարել ծովային թիրախների ուղղությամբ, համատեղ տակտիկական խուսավարումներ իրականացրել, կատարելագործել ծովում որոնման եւ փրկման առաջադրանքները»,-հաղորդել են զինվորականները:
Հաղորդագրության համաձայն, վարժանքներն արդեն ավարտվել են, զորաշարժերի եզրափակիչ մասում կատարելագործվել են կողմերի գործնական հմտությունները:
«Զորավարժությունների ավարտից հետո Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը կշարունակեն անցումը՝ ըստ հետագա պլանի»,- հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հավելելով, որ պլանավորված է անցում Միջերկրական ծով, որտեղ նավերը Հյուսիսային եւ Բալթյան նավատորմի ուժերի հետ համատեղ կմասնակցեն ՌԾՆ-ի միջնավատորմային խմբավորման զորավարժություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: