«Այդ մարդը ԵՊՀ-ի նկատմամբ խորը անտագոնիզմ, հոգեկան լուրջ կոմպլեքս ունի. երբ տեսնում է համալսարանական՝ երևի նյարդային համակարգը ջղաձգվում է». Արթուր Ղազինյան
Հունվարի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի վերաբերյալ։ Սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկներով խոսեց ԵՊՀ-ում կաշառք վերցնողների մասին, ամենայն հավանականությամբ, կոնկրետ մարդու նկատի ունենալով: Տպավորություն էր, թե հենց հարց տվողին նկատի ուներ։
Այսօր խորհրդարանում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս ակնարկին, Արթուր Ղազինյանն ասաց. «Վերջին պահին նա ասաց, որ փաստեր չունի, էհ, եթե փաստեր չունի, նշանակում է՝ զրպարտում է։ Եթե մարդուն մեղադրում է, որ 15-20 դոլարով դարձել է միլիոնատեր, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը։ Այդ մարդը ԵՊՀ-ի նկատմամբ խորը անտագոնիզմ ունի, հոգեկան լուրջ կոմպլեքս ունի։ Դե, իրեն ԵՊՀ-ից ուղղակի դուրս շպրտեցին, որովհետև խարդավանքներով էր տարված, իր հիմնական գործը թողած՝ քաղաքական մուտիլովկեքով էր զբաղված համալսարանում։ Դե, ասացին՝ հերիք է տղա ջան, ոնց որ չափերդ անցնում ես։ Ուղղակի իր վարքագծի հետ կապված իրեն դուրս թողեցին։ Հիմա ինքը համալսարանն ատում է և իշխանության գալուց առաջին օրվանից գործի է դրել համալսարանը կազմաքանդելու և որպես Մայր բուհ, կրթօջախ՝ վերացնելու առաքելությունը։ Նա վրեժ է լուծում համալսարանից, երբ տեսնում է համալսարանական, իր մոտ երևի նյարդային համակարգը ջղաձգվում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Ղազինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնելուն՝ զրպարտության համար, Արթուր Ղազինյանն ասաց՝ եթե որոշեն, որ Փաշինյանի յուրաքանչյուր զրպարտության դեմ գնան դատարան, պետք է բանուգործը թողնեն և դատարաններից դուրս չգան։
«Այդ մարդն ուրիշ բան անել չգիտի, նա իր ամբողջ կյանքում զբաղվել է դրանով, իր ամբողջ կյանքում եղել է կեղծ, ստախոս, եղել է մանիպուլյատոր, չի մտել որևէ բովանդակության մեջ։ Վերնագիր հորինելով՝ ապրել է կյանքում, իր քաղաքական գործունեությունը եղել է վերնագիր հորինելը։ Հիմա իրեն թվում է, որ լավ վերնագիր է հորինել, ու թերթերը կգրեն, որ «համալսարանական կաշառակերը» եկել հարցնում է Արցախի հայկական լինելու մասին։ Մոտավորապես սա է, դատարկաբանություն»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Ամնդրադառնալով երևույթին, որ Նիկոլ Փաշինյանը երեկ այդպես էլ չպատասխանեց իր հնչեցրած բուն հարցին, Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ 2020 թվականին պատերազմի ամենաթեժ պահին այն կանգնեցնելու Պուտինի առաջարկը մերժելուց 2 օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առանց Արցախ Հայաստան չկա, և մարդկանց ուղարկեց մեռնելու։
«Ուղիղ ասաց՝ 30 հոգանոց ջոկատներ ձևավորել, ընտրել հրամանատար, հարևաններից վերցրեք կասկա, զրահաբաճկոն ու գնացեք, հայդե, սահման՝ կռվելու։ Ընդ որում, կռվել նրա համար, ինչը ըստ իրեն՝ որևէ տեսական ու գործնական հնարավորություն չի ունեցել հայկական լինելու։ Սա դուք ինչպե՞ս կբնութագրեք, այս զոհերը, որ եղել են, իրենք ինչպե՞ս են մարսում»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը։