Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատկությունները
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, սակայն եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են պատշաճ գրառումներ քաղաքացու՝ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածը հաշվարկվում է ոչ վաղ, քան 14 տարեկանից:
Աշխատանքային ստաժում հաշվարկվում է ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունվելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև զինվորական ծառայության և այլ գործունեության ժամանակահատվածները:
Մինչև 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992թ. հունվարից մինչև 2013թ. հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարում մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը համարվում է որպես մեկ տարվա ստաժ:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս՝ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում հաշվառվում է նաև ծնողներից մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` 10 տարուց ոչ ավելի: Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ծնողներից մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` 6 տարուց ոչ ավելի:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ չկան նշումներ աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են տեղեկանքներ, հրամանների քաղվածքներ, աշխատավարձի անձնական քարտեր, աշխատավարձի հաշվացուցակներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: