«Այս պահին օբյեկտիվ պահանջն այն է, որ գինը պետք է փոխվի». Բաբկեն Թունյանը՝ ջրի սակագնի մասին

Հնարավո՞ր էր խուսափել ջրի սակագնի բարձրացումից: Այս հարցն այսօր խորհրդարանում 168.am-ն ուղղեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին:

Պատգամավորը նախ դժվարացավ պատասխանել, ապա առաջարկեց  այլ կառույցի դիմել.

«Հարցին պատասխանելու համար կա առանձին կառույց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղ քննարկվում են բոլոր բարձրացման հայտերը, ստուգվում է  դրանց հիմնավորվածությունը և որոշվում է՝ հայտը բավարարե՞լ, թե՞ ոչ»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Դիտարկմանը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ ջրի սակագնի բարձրացում չի նախատեսվում, Բաբկեն Թունյանը հետևյալ բացատրությունը տվեց՝ եթե հայտարարվում է, որ չպետք է բարձրանա, բայց հետո ինչ-որ հայտարարություն է հնչում, որ չէ՝ ամեն դեպքում պետք է բարձրանա, ապա նշանակում է, որ ելակետային տվյալները, որոնց հիման վրա կատարվել է վերլուծություն՝ ենթարկվել են փոփոխության:

«Այս պահին օբյեկտիվ պահանջն այն է, որ գինը պետք է փոխվի: Ժամանակին ես՝ որպես փորձագետ, լրագրող և ՀՀ քաղաքացի, վստահության դեֆիցիտ ունեի այդ կառույցի և ընդհանրապես բոլոր կառույցների նկատմամբ: Այսօր էլ դուք՝ որպես լրագրող, կարող եք այդ նույն վստահության դեֆիցիտն ունենալ ցանկացած պետական կառույցի նկատմամբ»,- հավելեց նախկին լրագրող, այսօր իշխանական թևի պատգամավորը:

Հարցին՝ իշխանությունը հաճելի՞ բան է, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ իշխանությունն ավելի շատ բեռ է, քան հաճույք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս