«Հուզված էի՝ առաջին անգամ էի զեկուցում». Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ ամբիոնից անընդհատ ծիծաղելու մասին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու էր երեկ ԱԺ ամբիոնից օրենքի նախագիծ ներկայացնելիս անընդհատ ծիծաղում:
«Ես չէի մտածում, որ իմ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կտա: Առաջին անգամ էր զեկուցում էի, մի փոքր հուզված էի: Իմ պաշտոնավարման օրը կլրանա, նոր բոլոր ձեզ հետաքրքրող հարցերին կպատասխանեմ: Ես կաշխատեմ, ձեզ հետ կշփվեմ, դուք ձեր հարցերն ինձ կտաք, ես կպատասխանեմ: Ինձ համար տարօրինակ էր, որ ժպտալս նման մեկնաբանությունների տեղիք տվեց, տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, անհասկանալի է, ինչո՞ւ: Առաջին ելույթս էր, հետայսու կերևա, այդպես կլինի՞, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ժպտալը նման մեկնաբանությունների տեղիք չպետք է տար»,- նշեց Հակոբ Սիմիդյանը:
Ըստ նրա, նախարար նշանակվելուց հետո իր աշխատակազմում որևէ կադրային փոփոխություն չի արել, աշխատակազմն ինչպես եղել է, այդպես էլ շարունակում է մնալ:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ժամը 18:00-ին լքում է իր աշխատավայրը և գնում է տուն, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ ինքն էլ հակառակին է ականատես եղել:
Մեկ այլ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ ինքը թույլ չի տալիս, որպեսզի Վահան Քերոբյանը հրաժարական տա, Հակոբ Սիմիդյանն է՞լ է ճնշումների տակ աշխատում, նախարարը նախ բացասական պատասխան տվեց, ապա պարզաբանեց. «Ես չգիտեի, որ մեր կառավարությունում նման բան կա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում