Ինչո՞ւ է Լուկաշևիչը «հիշել» ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին

ԵԱՀԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նախօրեին ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Պարզվում է, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի միջնորդները 44-օրյա պատերազմից հետո` արդեն մեկ տարի, չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Երեկ այս մասին РИА «Новости»-ի հետ զրույցում հայտարարել է Լուկաշևիչը՝ նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները հիմք են տալիս մտածելու, որ, այդուամենայնիվ, կհաջողվի հակամարտության գալարագիծը հաղթահարել և երկխոսություն սկսել, որը կօգնի փնտրել փոխզիջումային, երկու կողմերի համար ընդունելի որոշումներ:

Լուկաշևիչն ընդունել է, որ այս ուղղությամբ անցած տարի էական առաջընթաց չի արձանագրվել, և, որ գլխավոր ձեռքբերումը եղել է կրակի դադարեցումը` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: «Թեև եղել են բավականին լուրջ միջադեպեր, որոնք որոշակիորեն սասանել են հրադադարի ռեժիմը, սակայն ընդհանուր առմամբ դրությունը կայունացել է, ինչը հնարավորություն է տվել անցնել տարածաշրջանային այլ խնդիրների քննարկման,- ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ շարունակելով,- Դա և՛ եռակողմ խումբն է, որը գլխավորում են փոխվարչապետերը՝ հաղորդակցության ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար, դա նաև նոր խորհրդատվական ձևաչափի`«3+3»-ի մեկնարկն է, ինչպես նաև Ռուսաստանի խորհրդատվական օգնությունը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ուղղությամբ»: Խոսելով հնարավոր զարգացումներից` Լուկաշևիչը նշել է, որ արագ փոփոխությունների ակնկալիք պետք չէ ունենալ, միաժամանակ տեղեկացրել, որ այժմ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը շահագրգռված է նոր թափ հաղորդել գործընթացին` համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և դիվանագիտական այլ խողովակների ներգրավմամբ:

Ուշագրավն այն է, որ ռուսական դիվանագիտությունը, որը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում փորձում էր թուլացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը, համանախագահներին տալով հումանիտար խնդիրներով զբաղվելու մանդատ, նման մտահոգություն է հայտնում այսօր, երբ անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտ կերպով ծաղրեց միջնորդներին, թե «30 տարվա ապարդյուն գործունեությունից հետո, թերևս, եկել է նրանց թոշակի ուղարկելու ժամանակը»:

Նա մասնավորապես նշել էր, թե Մինսկի խումբը պետք է ձևավորի իր օրակարգը, չնայած ինքը պատկերացում ունի, թե նրանք ինչով պետք է զբաղվեն և ինչով՝ ոչ։ «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան հակամարտությամբ, որովհետև այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Այդ հարցը մենք լուծել ենք նրանց փոխարեն։ Նրանք պետք է ընդունեն նոր իրողությունները, որքան էլ դա դժվար լինի իրենց համար։ Նրանք պետք է իմանան, որ դրանից հետո չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով, որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք հակամարտության կողմերից մեկն էինք։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված է, ապա նշանակում է՝ այլևս տեղ չկա միջնորդության համար, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց»,- հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, թե Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում Մինսկի Խմբի գործունեության ցածր մակարդակը։ Ըստ Ալիևի տեղեկությունների՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ չկա նախկին միասնականությունը։

Ի դեպ, Լուկաշևիչից առաջ ուշագրավ ակնարկներ էր արել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր տված վերջին ասուլիսի ընթացքում, ասելով, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտապես նշել են, որ ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժի միջոցով, հենց այդ պատճառով պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը համանախագահների մեծ մասը չեն ընկալում՝ որպես լուծում: Սրան զուգահեռ, նրա խոսքով, ՌԴ-ի համար լուծումն այն է, որը ինքն է պարտադրել կողմերին հրադադարի տեսքով:

«Սակայն այդ հրադադարով ամեն ինչ չավարտվեց, և ՌԴ-ն ի սկզբանե չէր լքել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այս փաստի վրա, ունենալով հաշվարկ, որ որոշակի իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ-ն կրկին աշխատելու է: Ի վերջո, բոլոր երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, ունենալով բացառիկ դերակատարություն հարավկովկասյան ռեգիոնում, ինչը ցույց է տալիս նաև հայ-թուրքական գործընթացը, որում ևս Մոսկվան միջնորդ է, չի կարող կտրված աշխատել Արևմուտքից, որն ունի ինչ-որ դերակատարություն ռեգիոնում և այս դեպքում՝ ավելի զսպող, քանի որ հետպատերազմյան փուլում կան երկրներ, որոնք չեն կարողանում հաղթահարել իրենց զգացմունքները և չափազանցված գնահատականները: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունենալով ցածր արդյունավետություն՝ իր դերը մշտապես պահպանել է, և ՌԴ-ն ու Հայաստանը ցանկանում են, ապա այն կաշխատի:

Բացի այդ, ՌԴ-ն չի կարող չաշխատել նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ այս ձևաչափում, հատկապես հիմա, երբ ՌԴ-Արևմուտք եռափուլ բանակցությունները ոչ այնքան դրական արդյունքով են ավարտվել, և կա հավելյալ նյարդայնություն կողմերի մոտ, ուստի կարիք չկա ավելացնել այն այլ ուղղություններով: ԵԱՀԿ ՄԽ-ն այն հարթակներից երևի թե եզակին է, որտեղ ՌԴ-Արևմուտք հակասությունները շատ ավելի քիչ են, քան մյուս հարթակներում ստեղծված իրավիճակը: Ուստի ՌԴ-ն մի շարք կետերում ավելի զգուշավոր քաղաքականություն է փորձում իրագործել, չբորբոքելով կրքերը, և այստեղ, ինչպես ասացի, էական են՝ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵԱՀԿ-ն ընդհանուր առմամբ: ՌԴ-ն չի կարող բացառել, որ առանց իր մասնակցության՝ կարող են մյուս համանախագահներն ինչ որ քայլեր նախաձեռնել՝ հատկապես հարաբերությունների լարման փուլերում»,- ասաց վերլուծաբանը:

Բացի դրանից, նրա խոսքով, սկսել է գործել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, որին մասնակցում է ՌԴ-ն, առաջարկներ են արվում Վրաստանին, որը նաև ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով չի մասնակցում, ու տարածաշրջանային պրոյեկտների իրագործումը կարող է շատ բարդանալ Արևմուտքի դիրքորոշման պատճառով: «Ուստի Մոսկվան դիվանագիտական ճկունությամբ փորձում է ամրապնդել իր քաղաքականությունը, հնարավորինս այն անխոցելի դարձնել, հատկապես, երբ քննադատությունները՝ ուղղված ՌԴ-ին, որ խաղաղապահներ է տեղակայել Ղարաբաղում, որ փաստաթղթեր է համաձայնեցրել առանց այլ միջնորդների, քիչ չեն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս