Բաժիններ՝

Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ում երկու բալիստիկ հրթիռ են արձակել

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ում հունվարի 17-ին արեւելյան ուղղությամբ արձակվել են փոքր հեռահարության երկու պինդվառելիքային բալիստիկ հրթիռներ: Այդ մասին ասված է հունվարի 18-ին ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մանրամասներն առայժմ վերլուծվում են, բայց այդ հրթիռների թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 50 կիլոմետր,- նշված է այնտեղ:- Եթե ելնելու լինենք սովորական բալիստիկ հետագծից՝ ապա հրթիռները թռել են մոտավորապես 300 կիլմետր տարածություն»:

Պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ դրանք ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ ԿԺԴՀ-ի արեւելյան ափի մոտ: Հունվարի 17-ին արձակված հրթիռները, գերատեսչության կարծիքով՝ բնութագրերով համապատասխանում են պինդվառելիքային բալիստիկ հրթիռներին, որոնք արդեն փորձարկվել են 2020 թվականի մարտի 21-ին:

«Միանգամայն ակնհայտ է,- հունվարի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին,- որ Հյուսիսային Կորեան գնում է նման սպառազինությունների տեխնոլոգիական մակարդակի եւ օգտագործման մեթոդիկաների սրընթաց բարձրացման ուղիով»: Ինչպես հունվարի 18-ին հայտնել է Kyodo գործակալությունը, ԿԺԴՀ-ում տարածված լուսանկարների վերլուծության հիման վրա փորձագետները կարծում են, որ հունվարի 17-ին փորձարկվել են KN-24 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք թռել են ցածր եւ փոփոխվող հետագծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս